Հասարակություն

Պատանի շախմատիստները՝ ուշադրության կենտրոնում

sonahakobyan
2016 թվականին պատանի շախմատիստները Հայաստան են բերել 4 ոսկե մեդալ, ինչը շատ լուրջ հաջողություն է՝ ամփոփելով  Հայաստանի շախմատի ֆեդերացիայի տարին՝ լրագրողների հետ զրույցում նշել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրեասյանը: Նա հայտնել է, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան սկսել է առավել մեծ ուշադրություն դարձնել պատանի շախմատիստներին: Ինչպես Եվրոպայի և աշխարհի մինչև 18 տարեկանների շախմատի չեմպիոն Մանուել Պետրոսյանը, այնպես էլ աշխարհի մինչև 16 տարեկանների շախմատի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը խոստովանել են, որ առաջին տեղի համար պայքարն ու ոսկե մեդալի արժանանալը իրականում շատ բարդ էր: Այժմ երկու պատանի չեմպիոնները պատրաստվում են Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին:

Ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային շախմատի համար 2016 թվականը բավականին բուռն տարի էր: Անդրադառնալով մեր երկրի հաջողություններին՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրեասյանը նշեց, որ մեր մարզիկները ֆեդերացիայի մրցաշարերից բացի մասնակցել են նաև միջազգային բազմաթիվ մրցաշարերի, որտեղ մեծ հաջողություններ են գրանցել հատկապես պատանի շախմատիստները:

Եվրոպայի և աշխարհի մինչև 18 տարեկանների շախմատի չեմպիոն Մանուել Պետրոսյանը խոստովանում է, որ այնքան էլ հեշտ չէր առաջին տեղը զբաղեցնելը, առավել ևս, երբ մրցակիցդ ևս շատ մոտ է հաղթանակին: Մեդալներ շահել է նաև նախկինում, բայց ոսկե մեդալի առաջին անգամ է արժանացել:

Աշխարհի առաջնությանը շատ երկար է պատրաստվել նաև մինչև 16 տարեկանների շախմատի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը: Ավելին՝ աշխարհի չեմպիոն դառնալու մասին դեռ մանկուց է երազել: Եթե անցյալ տարի նվաճեց բրոնզե մեդալ, ապա այս տարի արդեն Հայկի մանկության երազանքն իրականացավ:

Աշխարհի և Եվրոպայի առաջնություններից հետո Հայկն ու Մանուելը մասնակցել են նաև Հայաստանի առաջնության առաջին խմբի մրցաշարին, որտեղ աշխարհի մինչև 16 տարեկանների շախմատի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը գրավեց առաջին, իսկ Եվրոպայի և աշխարհի մինչև 18 տարեկանների շախմատի չեմպիոն Մանուել Պետրոսյանը՝ 3-րդ հորիզոնականը: Նրանք երկուսն էլ այդպիսով նվաճեցին Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի ուղեգիր և հաջորդ տարին պայքարելու են նաև Հայաստանի չեմպիոնի կոչման համար:

Կարդացեք նաև

Back to top button