

Ի՞նչ վտանգներ են թաքնված կիբերտարածությունում, արդյո՞ք դրանք տարբերվում են մինչև հիմա մարդկությանը հանդիպած վտանգներից։ Ըստ ՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանի, վտանգը կա, Հայաստանի համար այն այդքան էլ լուրջ չէ, իսկ Եվրոպայի ու ԱՄՆ-ի համար շատ կարևոր խնդիր է: Ինտերնետն այսօր օգտագործվում է տարբեր հանցագործություններ կատարելու համար. ահաբեկիչների կողմից համացանցը որպես լրատվության փոխանցման միջոցի օգտագործում, տարատեսակ քարոզչություն իրականացում, երեխաներին խաղերի միջոցով վերահսկում, բանկային զեղծարարություններ իրականացում, եւ այլն: Հայաստանը կիբերտարածությունում բաց է:
Ինչ վերաբերում է պաշտպանվածությանը եւ վտանգներին՝ Սաղյանը նշեց՝ եթե ժամանակին տեղեկություններ էր հնարավոր ստանալ տվյալ անձի մասին «ես քեզ սիրում եմ» արտահայտությունն ուղարկելով, ապա այժմ վտանգավոր են նաև էլեկտրաէներգիայի, ջրի վարձերի վճարման համար ուղարկվող հաղորդագրությունները: Մասնագետի խոսքով՝ կիբերանվտանգության համակարգում անվտանգության ապահովումը բարդ խնդիր է, պետք է լինեն ոլորտային մի քանի մարմիններ, որոնցից ամեն մեկն իր ոլորտում կիբերանվտանգություն կապահովի:
Վկայակոչելով ԱՄՆ փորձը՝ Գրիգորի Սաղյանը նշեց, որ ԱՄՆ նպատակահարմար է համարում յուրաքանչյուր ոլորտում ունենալ կիբերանվտանգությունը կազմակերպող կառույցներ, որոնք համակարգվում են մեկ կենտրոնական կամ մի քանի կենտրոնական համակարգիչներով:
Հայաստանում կիբերանվտանգության տեսանկյունից ամենաբարվոք վիճակում բանկերն են: Իսկ թե ինչպես պաշտպանվել, մասնագետը հանգիստ նշում է՝ կրթվելով եւ ինքնակրթվելով։ Հայերեն տառերով google-ում կարելի է հավաքել «ինչպես պաշտպանվել հաքերներից», ու խորհուրդները կբացվեն յուրաքանչյուրի առաջ: Ի հավելումն նշենք՝ նոյեմբերի 30-ը տեղեկատվության պաշտպանության միջազգային օրն է:




