

Խորհրդարանում առաջին ընթերցմամբ այսօր ընդունվել է սահմանադրական երկու առանցքային օրենք, որի ընդունման համար խորհրդարանում անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի ձայները: <<Մարդու իրավունքների պաշտպանի մասին>> նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 106 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, <<Կուսակցությունների մասին>> օրինագիծը՝ 99 կողմ, 1 դեմ, 3 ձեռնպահ ձայներով: Խորհրդարանական կառավարման անցնելուց առաջ, նոր Սահմանադրության դրույթներից ելնելով, փոխվում է նաեւ ԱԺ կանոնակարգ-օրենքը: Այսօր արդեն մոտավոր սահմանվում էր, թե ինչպես է աշխատելու ապագա խորհրդարանը, ինչ հին ու նոր կառույցներ են լինելու եւ ինչ լծակներ են տրվելու ընդդիմադիրներին: Ի դեպ, կանոնակարգով արդեն սահմանված է, որ ԱԺ նիստը որոշ դեպքերում կարող է տեւել մինչեւ ժամը 24։00- ը:
Խորհրդարանական կառավարման անցնելուց առաջ ԱԺ- ն փորձում է սահմանել խաղի նոր կանոններ կամ աշխատանքային նոր սկզբունքներ: Ինչպես է աշխատելու հաջորդ խորհրդարանը, որը, ըստ էության, դառնում է երկրի կառավարման առանցքը՝ ներկայացրեց փաստաթղթի հեղինակներից մեկը՝ պետաիրավական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:ԱԺ նոր կանոնակարգ- օրենքը բխում է նոր Սահմանադրության պահանջներից: Ըստ մշակված փաստաթղթի՝ հետագայում պատգամավորները նույնպես աշխատելու են քառօրյա ռեժիմով, բայց փաստաթղթային կուտակումներից խուսափելու համար աշխատանքներն սկսելու են ժամը 10-ից, ոչ թե կեսօրից, ինչպես այժմ: Օրենսդրական նախաձեռնությունների քննարկման հիմնական ծանրաբեռնվածությունը փոխանցվելու է մշտական հանձնաժողովներին՝ այնտեղ են ծավալվելու հիմնական քննարկումը, ելույթները եւ առաջարկները: Փոխվում են օրակարգ հաստատելու կամ արտահերթ նիստ հրավիրելու կարգերը, ստեղծվում են նոր մարմիններ եւ նոր վերահսկողական գործիքակազմեր:
<<Մեկ անձի կառավարումից անցել ենք դեպի կոլեկտիվ կառավարում>>,- փոփոխությունների սկզբունքն այսպես է ներկայացնում պետաիրավական հանձնաժողովի ղեկավարը: Օրենսդրական մարմնի համար, օրինակ, նորություն է պատգամավորների ¼-ի ձայնով քննիչ հանձնաժողովի ստեղծումը կամ, ասենք, խմբակցությունների հարցապնդումները կառավարությանը: Խորհրդարանում մեկ ընդդիմադիր փոխնախագահ ունենալու պարտադիր պայմանին գումարվող այս երկու նորամուծությունները ընդդիմադիրներին էական գործիքակազմ են տալիս՝ ասում է Հովհաննես Սահակյանը: Ապագա խորհրդարանը փորձելու է զերծ մնալ ավելորդ խոսակցություններից եւ բառակույտերից, այդ իսկ պատճառով սահմանափակվում են հարց ու պատասխանի տեւողությունը, ելույթների եւ արձագանքների համար տրվող ժամանակը:
Նույնիսկ այս գործիքակազմեր պայմաններում պատգամավոր Էդմոն Մարուքյանը կասկածում է, որ ապագա խորհրդարանը կդառնա պետական գլխավոր կառույցը։ <<Ես տպավորություն չեմ ստանում, որ ծանրության սլաքը գործադիր իշխանությունից տեղափոխվում է օրենսդիր իշխանություն: Պատգամավորը ոնց մեկ օգնական ունի վճարովի4 մնում է մեկ օգնական, ոնց ուներ մեկ հասարակական օգնական` մնում է մեկ հասարակական օգնական: Եվ մեծ հաշվով ես տեսնում եմ, որ հաջորդ խորհրդարանում էլի ռեսուրսների անհամաչափ բաշխվածություն է լինելու, էլի պատգամավորները զիջելու են իրենց ունեցած աշխատակազմային ռեսուրսներով գործադիր իշխանությանը>>,- ասում է:
Քննարկման մասնակիցներին վիճահարույց թվաց պատգամավորների լիազորությունների դադարեցմանը վերաբերող դրույթը: <<Խմբակցություններն ավելի ամուր պահելու համար փորձել ենք որոշակի գործիքակազմ դնել>>,- ասաց Հովհաննես Սահակյանը: Ըստ էության՝ կիրառվում է որոշակի պատժամիջոց: Այսինքն՝ այն պատգամավորը, որը դուրս է գալիս խմբակցությունից, չի օգտվելու խմբակցության մեջ գտնվող մյուս պատգամավորների համար վերապահված իրավունքներից: Պարզ ասած՝ զրկվելու է բարեկամական խմբերում, հանձնաժողովներում ընդգրկվելու, խմբակցության կողմից հարցապնդում ներկայացնելու եւ այլ հնարավորություններից: Այս դրույթին կասկածանքով մոտեցան ոչ միայն ընդդիմադիր խմբակցություններից պատգամավորները, ինչպես օրինակ՝ Էլինար Վարդանյանը, այլեւ՝ հենց հանրապետական պատգամավորները՝ Լեւոն Մարտիրոսյանն ու Վարդան Այվազյանը:
Հովհաննես Սահակյանը չբացառեց, որ մինչեւ երկրորդ ընթերցում այս խնդիրը հնարավոր է քննարկել եւ վերանայել: Նա նշեց, որ <<որեւէ մեկը չի բռնանում պատգամավորի ազատ քվեարկության>> իրավունքի վրա, բայց այն, որ պատգամավորներն ընտրվելու են կուսակցական ցուցակներով եւ խմբակցություններում պետք է կարգ ու կանոն լինի ՝ շարունակում է պնդել:




