Բարեփոխումները չեն լուծել ՔԿ հիմնարկների բոլոր խնդիրները.Սուրեն Քրմոյան
Քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբն այսօր հրապարակել է 2014-15 թթ.-ի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը: Զեկույցում ներկայացվել են արձանագրված մի քանի հիմնական խնդիրներ: Դրանք կապված են կալանավայրերի գերբնակեցման, կալանավորներին մատուցվող բուժծառայությունների, սննդի, կոռուպցիոն ռիսկերի, ինչպես նաեւ պայմանական վաղաժամկետ ազատման հետ: Դիտորդական խմբի անդամները փաստել են, որ մի շարք խնդիրներ իրենք մշտապես արձանագրում են, սակայն, դրանց լուծման ուղղությամբ աշխատանքների արդյունքներ չեն տեսնում կամ դրանք շատ դանդաղ են լինում: Արդարադատության նախարարության ներկայացուցիչները, սակայն, կարծում են, որ ոլորտի բարեփոխումներով դրական արդյունքներ առկա են եւ ցանկալի է, որ դա դիտորդները նույնպես տեսնեն: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն, այդուհանդերձ, այսօր ասել է, թե չեն պնդում, որ բարեփոխումները բոլոր խնդիրներն են լուծել: Նա վստահեցրել է, որ իրենք փորձում են խնդիրները բաց քննարկել եւ համատեղ լուծումներ գտնել:
ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող խմբի նախագահ Արայիկ Զալյանի փոխանցմամբ՝ 2014-15 թթ.-ին արձանագրված խնդիրների մի մասը նախկինում նույնպես իրենք նկատել եւ արձանագրել են ու դրանք այսօր էլ շարունակում են չլուծված մնալ:
«Մեծ առումով՝ անհատական խնդիրներն են լուծվում, իսկ համակարգային խնդիրները, որպես այդպիսին, լուծումներ ստանում են, բայց շատ դանդաղ: Շատ քիչ կարող ենք արձանագրել, համակարգային խնդիրների լուծում»:
Անդրադառնալով ՔԿՀ-ներում կոռուպցիոն ռիսկերին՝ Արայիկ Զալյանը նկատեց, որ տարիների ընթացքում արգելված իրեր հայտնաբերվում են կալանավայրերում, սակայն, թե ինչ ճանապարհով են դրանք ներթափանցում այնտեղ՝ չի պարզվում: Հայտնաբերման արդյունքում դատապարտյալներին տույժի են ենթարկում, սակայն, ծառայողական քննությունների թիվը, որոնցով պիտի պարզվի, թե ինչ ճանապարհով են դրանք անցկացվում այնտեղ, շատ չնչին՝ 3-5 տոկոս է կազմում: Սա, ըստ Արայիկ Զալյանի, կոռուպցիոն ռիսկերը բարձրացնում է:
Փորձագետ Հովհաննես Մադոյանն ուսումասիրել է բժշկական ծառայությունների հասանելիության խնդիրները: Անցած տարիների հետ համեմատ դրական դինամիկա կա, սակայն, դա շատ քիչ է այն ազատազրկվածների տեսանկյունից, ովքեր բժշկական ծառայությունների ուշացումների պատճառով անդառնալի առողջական կորուստներ են ունենում: Բժիշկների թափուր հաստիքներն են շատ քրեակատարողական հիմնարկներում: Բացի այդ՝ բժշկական ծառայություն իրականացնողները չունեն որոշումներ կայացնելու անկախություն՝ շեշտեց փորձագետը:
«Թույտվություն պետք է ստանան ոչ բժիշկ-մասնագետներից, ինչը սխալ է եւ բերում է ծառայությունների մատուցման կամ հասանելիության ձգձգման»:
Ստացվում է, որ օրենքը չի գործում՝ ներքին կանոնների պատճառով: Մինչդեռ, ըստ փորձագետի, նման հարցերը կարող են արագ լուծվել, քանի որ ոչ թե օրենսդրական փոփոխություններ են պահանջում, այլ՝ ընդամենը ներքին կանոնակարգերի բարելավում:
Հասարակական դիտորդական խմբի անդամ Արման Սահակյանի խոսքով՝ ակնկալում են, որ խմբի առաջարկները հաշվի կառնվեն եւ ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունն ու պահման պայմանները կբարելավեն:
Դիտորդական խմբի անդամներից Հասմիկ Հարությունյանի խոսքով, սակայն, միշտ չէ, որ իրենք արդյունքներ տեսնում են: Նրա փոխանցմամբ, օրինակ, պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված խնդիրներում որեւէ առաջընթաց չեն տեսնում:
«Խնդիրները վերջին տարիներին նույնն են: Որեւէ դրական փոփոխություն խմբի կողմից չի արձանագրվել, թեպետ, մեր յուրաքանչյուր այցից հետո, մենք այդ խնդիրները բարձրաձայնել ենք: Այս ինստիտուտը, փաստացի, չի գործում»:
Կնպաստի՞, արդյոք, պրոբացիոն ծառայության ներդրումը այդ ինստիտուտի գործունեության իրականացմանը՝ այս պահին խմբի անդամը դժվարանում է ասել: Հույս ունի, սակայն, կարծում է դա կարող է արդարացվել միայն շոշափելի արդյունք տեսնելով: Ըստ խմբի անդամի՝ արդյունք կարելի է ակնկալել, եթե վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտն ինքնին նորացվի:
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի խոսքով՝ բարեփոխումները որոշակի առարկայական արդյունքներ տվել են եւ կցանկանար, որ հասարակական դիտորդների խումբը նույնպես դա արձանագրեր: Այդուհանդերձ, արդարադատության փոխնախարարը նշեց, որ իրենք չեն ասում, թե բարեփոխումների արդյունքում բոլոր խնդիրները լուծված են: Դրա համար էլ գերատեսչությունը փորձում է հնարավորինս բաց քննարկել խնդիրները եւ լուծումները համատեղ գտնել:
Սուրեն Քրմոյանի խոսքով՝ ամեն դեպքում բարձրացված բոլոր խնդիրների առնչությամբ արդարադատության նախարարությունն ունի իր լուծումները: Դրանց մի մասն արդեն իրականացվել է, իսկ որոշ մասն էլ իրականացնում է փուլային սկզբունքով, այսինքն՝ խնդիրները բարեփոխումների շրջանակներում լուծման ընթացքում են: