

ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբն այն եզակի համալսարանական կառույցներից է, որը 1996 թվականին հիմնվելով, դարձավ մի յուրօրինակ կամուրջ Արցախյան գոյամարտին մասնակցած եւ հետագա սերունդների միջեւ: Ակումբի բոլոր նախաձեռնություններում մեր նորօրյա հերոսներն են ներկա եղել, նրանք, ովքեր օրհասական պահին թողեցին ուսումն ու իրենց նվիրեցին հայրենիքի պաշտպանությանը, իսկ 28-ն անմահացան այդ ճանապարհին: ԵՊՀ «Վարդանանք» ակումբն այսօր տոնել է իր հիմնադրման 20-ամյակը:
1996-ին, երբ առաջին քայլերն էր անում «Վարդանանք» ակումբը, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը դեռեւս ուսանող էր: Ակումբի հիմնադրման օրը չի հիշում, սակայն հիշում է, որ հենց առաջին նախաձեռնություններից «Վարդանանքի» գործունեությունն, իսկապես, դարձավ իրադարձություն ուսանողության շրջանում: Դա վկայեց ո՛չ միայն մայր բուհի ուսանողության ակտիվ մասնակցությունը ակումբի աշխատանքներին եւ նախաձեռնություններին:
«Վարդանանք»-ը պաշտպանության նախարարության գործընկերն է ու ընկերը: Այդ ընկերությունն ամրապնդվել է 20-ամյա սերտ համագործակցությամբ ու դարձել հարազատություն՝ ակումբի տարեդարձի կապակցությամբ պաշտպանական գերատեսչության անձնակազմի անունից ողջույնի խոսքում պատկերավորեց պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը։
ԵՊՀ-ի զոհված ազատամարտիկ Վարդան Բախշյանի քույրը՝ Աննա Բախշյանը ակումբի համանախագահն է: Նա կարծում է, որ «Վարդանանք» ակումբը պարզապես մի ընտանիք է՝ իր արժեքային համակարգով։
«Վարդանանք» ակումբի համանուն պարբերաթերթն սկսել է տպագրվել 2008-ից: Այսօր արդեն կանոնավոր հրատարակվում է, տարածվում անվճար: Թղթակիցները մայր բուհի տարբեր ֆակուլտետների ուսանողներ են եւ աշխատում են հասարակական հիմունքներով: Պարբերաթերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Վարդանյանը կարծում է, որ անհրաժեշտություն կա նոր սերնդին ներկայացնելու համալսարանական ազատամարտիկներին, մերօրյա բոլոր հերոսներին, նրանց, ովքեր այս կամ այն կերպ գործուն մասնակցություն են ունեցել Արցախյան ազատամարտում:
«Վարդանանք»-ի հոբելյանական օրվա պատվավոր հյուրերն արցախյան ազատամարտի մասնակիցներն էին, զոհված համալսարանականների հարազատները, նաեւ՝ ապրիլյան պատերազմին մասնակից ուսանողները: Առանցքային մաղթանքն էր, որ «Վարդանանք»-ն իր հետագա 20-ամյակներն անցկացնի առանց նոր զոհերի, առանց նոր զոհերի հիշատակի հավերժացման:




