ԿարևորՔաղաքական

ՀՀԿ 16- րդ համագումարը՝ հետնաբեմում

arminegevorgyan

mhm0110159-copyԴեռ երեկ ՀՀԿ  մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իշխող կուսակցության համագումարի ժամանակ սյուրպրիզներ չեն լինելու: Սակայն այսօր արդեն համագումարից առաջ  անակնկալներն իրենց սպասեցնել չտվեցին։ Վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ չէր հասցրել անդամագրվել հանրապետական կուսակցությանը, երբ մի գիշերվա մեջ  նրան հետեւեց ավելի քան 7000 մարդ։

Վարչապետի օրինակը վարակիչ էր նաև  չորս նորանշանակ նախարարների համար, չնայած, որ օրեր առաջ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն անկեղծորեն խոստովանել էր՝  թեև ՀՀԿ-ական է դառնում, սակայն ծանոթ չէ Նժդեհի գաղափարախոսությանը։ Իսկ այս գիշեր  քանի անկուսակցական  համալրեց  ՀՀԿ շարքերը,  թարմ տվյալների ակնկալիքներով դիմեցինք  ՀՀԿ մամուլի խոսնակին։ «Գիշերը քնելու համար է, ես չեմ հաշվել»,- ասաց։

Իսկ ովքեր են այդ 7000- ը։ Մինչ այս հարցի պատասխանը կստանայինք վարչապետ Կարեն Կարապետյանից՝ մամուլում շրջանառվող լուրերը հաստատեց ԱԺ  ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը. «Էդի գազավիկներն էին, գազ են տալի, գազ»:

mhm0110191-copyԵվ ահա ՀՀԿ 16- րդ համագումարին ժամանում է  վարչապետը ու լրագրողները  շրջապատում են  նրան։ Մի քանի անգամ նույն հարցը տարբեր ձևակերպումներով հնչեցնում՝ արդյո՞ք չունի մտավախություն, որ ՀՀԿ-ին անդամակցությունը կազդի  իր իմիջի վրա։ Վարչապետը տալիս  է   շատ կարճ ու լակոնիկ պատասխան. «Չունեմ»։

Հետո նշում, որ 7 կետով բացատրել է իր քայլի պատճառը։  Արդեն անդրադառնալով  7000 հոգու անդամակցելու որոշմանը՝ Կարապետյանը շնորհակալություն է հայտնում «Գազպրոմ Արմենիայի» այն աշխատակիցներին, որ անդամակցել են։

ՀՀԿ փոխնախագահ Հերմինե Նաղդալյան էլ շտապեց հայտարել, որ 7000 հոգին, որոնք անդամագրվել են, չի ճանաչում, բայց վստահ է, որ ինքնակամ են անդամագրվել՝ առանց վարչական ռեսուրսների գործադրման ու պարտադրանքի: Իսկ  Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար այսօր տոն էր , ուրախ էր ու հպարտ։ Տարին 12 ամիս նոր մարդիկ են համալրում ՀՀԿ շարքերը, այդ թվում նաև  վարչապետ Կարեն  Կարապետյանը։

mhm0110167-copyԻ դեպ՝ վարչապետին մի քանի հարցեր էլ ուղղեցին՝ մասնավորապես արդյո՞ք նա Մոսկվայից  եկել է երկար ժամանակով այստեղ պաշտոն զբաղեցնելու համար, վերջինս դիմելով լրագրողին՝ ասաց, որ եթե հարցի մեջ ենթատեքստ չկա, ապա  նա այստեղ ծնվել  ու  այստեղ մեծացել է։

Եվ վերջում՝ համագումարի ավարտից հետո լրագրողները հնարավորություն  ունեցան  հարցեր ուղղել կուսակցության շարքերը համալրած պաշտպանություն նախարար Վիգեն  Սարգսյանին։ Վերջինս նշեց, որ իր կուսակցական գործունեությունը սահմանադրական բարեփոխումների արդյունքում ստանում է նոր՝ շատ ավելի խորքային իմաստ։ Հետեւաբար իր պատասխանատվությունը դրանից մեծանում է:

Կարդացեք նաև

Back to top button