Քաղաքական

«Բյուջե -2017». Քննարկումներն ավարտվել են, խորհրդարանը դեռ չի հաստատել

lenabadeyan
2017 թվականի պետական բյուջեի նախագիծը խորհրդարանում դեռ չի հաստատվել, թեեւ օրենսդիր մարմնում քննարկումներն արդեն ավարտվել են: Հիշեցնենք, որ կառավարության ծրագիրը հրապարակելուց հետո հաջորդ տարվա բյուջեն նոր կառավարության երկրորդ կարեւորագույն փաստաթուղթն է: «Լավ ցանկությունների ծրագիրը», որը չի համապատասխանում իրականությանը, այսինքն՝ գործիքակազմին, որն ընկած է բյուջեի նախագծի հիմքում՝ փաստաթղթի մասին նշում է ընդդիմությունը։ Սա արդեն վկայում է, որ այն ընդդիմադիր պատգամավորների աջակցությունը չի ստանալ։ Ճիշտ այնպես, ինչպես նախորդ բյուջեները։

 

 

Դեռ նախորդ շաբաթ խորհրդարանում ֆինանսների նախարարը բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց, որ ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցության առումով հասնում ենք վտանգավոր շեմին: Պատգամավորներին փոխանցեց կառավարության որոշումը՝ հնարավորինս քիչ վարկեր վերցնել՝ ռիսկերից խուսափելու համար, եւ ահա այսօր՝ հաջորդ տարվա բյուջեն դեռ չհաստատված, կառավարությունում արդեն քննարկվել է նոր վարկային միջոցներ ներգրավելու հարցը: Ինչպես եւ խորհրդարանում, կառավարությունում նույնպես հարցը ներկայացրել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ սկսելով Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ունեցած համաձայնագրից:

«Այս միջոցների՝50 ԱՄՆ դոլարի չափով ի սկազբանե նախատեսված է եղել 2016 թվականի բյուջեի մասին օրենքով: Դիֆիցիտի ֆինանսավորման արտաքին միջոցների աղբյուր է համարվում: 28-րդ հարցով ձեր քննարկմանն եմ ներկայացնում 2016 թվականի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման արտաքին աղբյուրներից ունեինք տրված այլ միջոցներ: Ասիական զարգացման բանկի լրացուցիչ 30 միլիոն նախատեսված էր, բայց մենք կստանանք 60 միլիոն եւ հաջորդ հարցը, որ պատրաստվում եմ զեկուցեմ դա Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից լրացուցիչ 40 միլիոն եվրոյի չափով բյուջետային վարկն է»:

Ֆինանսների նախարարը թերեւս հասկանում է, որ հայտարարությունների եւ ներկայացված ծրագրերի միջեւ արդեն կա հակասություն։ Գուցե սա է պատճառը, որ լրագրողներն ու ֆինանսների նախարարն այդպես էլ չեն հանդիպել կառավարության շենքում: Հակասությունները սակայն նոր չեն, որ դարձել են ակնհայտ: Կառավարության ծրագրում եւ խորհրդարանի հաստատմանը ներկայացված բյուջեի նախագծում անհամապատասխանությունների պատճառով խորհրդարանական երեք խմբակցություն արդեն կողմնորոշվել է, թե ինչ դիրքորոշում հանդես կբերի հաջորդ տարվա բյուջեի նախագծի քվեարկության ժամանակ: Հիշեցնենք, որ փաստաթուղթը խորհրդարանում քննարկվել է անցած շաբաթ, բայց քվեարկությունը դեռեւս չի կազմակերպվել: 2017-ի բյուջեի նախագիծը վստահություն չի ներշնչել «Օրինաց երկիր» խմբակցության անդամներին: Հաստատ որոշել են, որ «կողմ» չեն լինելու՝ փոխանցում է պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

«Կողմի» կոճակը հաջորդ տարվա բյուջեի նախագծի քվեարկության ժամանակ չեն ընտրի նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավորները՝ ասում է խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Արդեն հստակ կողմնորոշվել են նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կուսակցական պատգամավորները՝ ասում է Վահե Էնֆիաջյանը:

«Չեն մասնակցի քվեարկությանը»:

Բայց սա դեռ չի նշանակում, որ հաջորդ տարվա ֆինանսական կարեւորագույն փաստաթուղթը հաստատելու համար խորհրդարանում լուրջ խնդիրներ կառաջանան: Կոալիցիոն գործընկերներ հանրապետական եւ դաշնակցական պատգամավորների ձայները լիովին բավարարում են, որ նախագիծն ընդունվի։

Կարդացեք նաև

Back to top button