

Հայաստանի հանրապետական կուսակցության նոյեմբերի 26-ի համագումարին ընդառաջ՝ այսօր կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա մանրամասն ներկայացրել է նաև իր որոշման պատճառները, նշել նաև, որ կուսակցական դառնալու որևէ պարտադրանք կառավարության անդամների վրա չկա: Նշենք, որ մոտ երկու ամիս առաջ ձևավորված կառավարության անդամ 18 նախարարներից միայն հինգն են ՀՀԿ անդամ, երեքը՝ դաշնակցական են, մյուսները՝ անկուսակցական՝ դեռ: Նրանցից տրանսպորտի ու կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանն արդեն ՀՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացրել է, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը շուտով կներկայացնի։ Օրերս հանրապետականին անդամակցելու մասին նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտնեց։ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը սակայն չի շտապում անդամագրվել իշխող կուսակցությանը:
Ոչ թե հանձնարարականներ, այլ՝ հայտարարություն: Կառավարության այսօրվա նիստը տարբերվում էր մյուսներից: Հենց սկզբում վարչապետը մամուլում ակտիվորեն քննարկվող խոսակցություններին վերջ դրեց.«Անդամակցելու եմ ՀՀԿ-ին: Կարծում եմ այս քայլը շատերի համար կանխատեսելի էր և տրամաբանական»:
Կարեն Կարապետյանը մանրամասն պարզաբանեց, թե ինչու է որոշել կուսակցական դառնալ։ Նախ, Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում հրավիրել է Հայաստանի և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Բացի այդ, «յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին ՀՀԿ –ի կառավարությունը»: Արդարացված չէր լինի նաև այլ կուսակցություն ստեղծելը՝ պարզաբանեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը. «Ունենալով Արցախի հիմնահարց և մեր երկրի անվտանգության սպառնալիքներ, մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից ու զարգացումներից: Չորրորդ՝ կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան: Ըստ իս (ընտրել եմ. խմբ.) ՀՀԿ-ն, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը և այնտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան»:
Վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին և դրանից հետո Կարեն Կարապետյանի առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը՝ անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական, սոցիալական կյանքում, առավել ևս պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսել իրենցից: Հարցը ՀՀԿ-ում շատը հստակ է դրված՝ ասաց։
« Խոսակցությունները ներսում շատ բաց են ու անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քան պատկերացնում են դրսից: Հինգերորդ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով ՝ ես դարձա մասնակիցը փոխելու և փոխվելու գործընթացի՝ վերցնելով պատասխանատվության իմ բաժին բեռը: Հաշվի առնելով այս ամենը՝ ես հանրապետականին միանալու որոշում եմ կայացրել»:
Կարեն Կարապետյանը նաև հստակեցրեց՝ «այս նոր իրավիճակում իմ ընկերներից, համախոհներից շատերը ևս ցանկանում են մասնակից դառնալ այս գործընթացին, նոր շունչ հաղորդելու այս շարժմանը»:
Կառավարության ղեկավարը վստահեցրեց՝ նախարարների՝ «կուսակցական դառնալու հարցում որևէ պարտադրանք չկա, դա յուրաքանչյուրի գիտակցական, գաղափարական որոշման հարցն է: Ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն նույնպես օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներից ելնելով ոչ միշտ է եղել արդյունավետ, բայց, ըստ իս, ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը»:
Իսկ ահա տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում արդեն ներկայացրել է: Որոշումն իրենն է, պարտադրանք չկա:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը որոշել է՝ կանդամակցի Հայաստանի հանրապետական կուսակցությանը:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում չի ներկայացրել՝ մտածելու ժամանակ դեռ ունի: Նշենք, որ սա կոալիցիոն կառավարություն է, որը ձեւավորել են ՀՀԿ-ն ու ՀՅԴ- ն։ Հատկանշական է, որ 18 նախարարներից միայն հինգն են ՀՀԿ անդամ՝ փոխվարչապետը, աշխատանքի ու սոցիալական հարցերի, արդարադատության, Սփյուռքի ու ֆինանսների նախարարները: Երեքը՝ ԿԳ, տարածքային կառավարման ու զարգացման, ինչպես նաև բնապահպանության նախարարները ՀՅԴ անդամ են: Մյուսները՝ դեռ անկուսակցական են:
Հիշեցնենք՝ օրերս ՀՀԿ-ին անդամակցելու մասին հայտարարեց նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:




