

Կառավարության այսօրվա նիստը սկսվել է վարչապետ Կարեն Կարապետյանի սպասված հայտարարությամբ: Վարչապետը հայտարարել է, որ անդամակցելու է ՀՀԿ-ին:
«Կարծում եմ այս քայլը շատերի համար կանխատեսելի էր և տրամաբանական, սակայն ես ցանկանում եմ մեկնաբանել, թե ինչու.
Առաջինը՝ վարչապետի պաշտոնում ինձ հրավիրել է Հայաստանի և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրորդ՝ յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին ՀՀԿ -ի կառավարություն:
Երորրդ՝ եթե նույնիսկ հաշվի չառնենք առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում՝ ինչու չենք ստեղծում կամ հիմնադրում մեկ այլ կուսակցություն՝ որը կլիներ ձեր քաղաքական հենարանը, ուղղակի դա արդարացված չէր լինի: Ունենալով Արցախի հիմնահարց և մեր երկրի անվտանգության սպառնալիքներ, մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից ու զարգացումներից:
Չորրորդ՝ որ կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան: Ըստ իս՝ ՀՀԿ-ն, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը և այնտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան: Չափազանց կարևոր է, որ վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին և դրանից հետո իմ առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը՝ անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական, սոցիալական կյանքում, առավել ևս պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է որ փոփոխությունները պետք է սկսել մեզանից:
Այս հարցը ՀՀԿ-ում շատ հստակ է դրված: Խոսակցությունները ներսում շատ բաց են ու անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քան պատկերացնում են դրսից:
Հինգերորդ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով ՝ ես դարձա մասնակիցը փոխելու և փոխվելու գործըթնացը՝ վերցնելով պատասխանատվության իմ բաժին բեռը: Հաշվի առնելով այս ամենը՝ ես Հանրապետականին միանալու որոշում եմ կայացրել:
Վեցերորոդ՝ այս նոր իրավիճակում իմ ընկերներից, համախոհներից շատերը ևս ցանկանում են մասնակից դառնալ այս գործընթացին՝ նոր շունչ հաղորդելու այս շարժմանը: Պարտադի՞ ր է կառավարության կազմի անկուսակցական նախարարները ու իմ թիմակիցները անդամակցեն ՀՀԿ-ին, որևէ պարտադրանք չկա, դա յուրաքանչյուրի գիտակցական գաղափարական որոշման հարցն է:
Յոթերորդ. ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն նույնպես օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներից ելնելով ոչ միշտ է եղել արդյունավետ, բայց, ըստ իս՝ ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը»,- ասել է Կարեն Կարապետյանը:




