Հասարակություն

Աշխատանքային մի շարք հանդիպումներ՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 59-րդ նստաշրջանին․ՄԻՊ

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 23-ին Ժնեւում մասնակցել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի 59-րդ նստաշրջանին եւ փակ նիստի ընթացքում հանդես եկել Խոշտանգումների դեմ կոնվենցիայի պահանջների կատարման հարցով հատուկ զեկույցով: Հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Նիստի ընթացքոմ Կոմիտեի անդամները կարեւորել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի կարգավորումները, որոնք վերաբերում են Պաշտպանի գործունեությանը՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ: Ըստ այդմ, պետությանը խրախուսվել է քայլեր ձեռնարկել նախագծի շուտափույթ ընդունման կապակցությամբ: Կոմիտեի անդամները կարեւորել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի արդյունքները:

Արման Թաթոյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Human Rights Watch միջազգային կազմակերպության Ժնեւի տնօրեն Ջոն Ֆիշերի հետ:

Հաշվի առնելով Human Rights Watch-ի հատուկ ուշադրությունը պատերազմական իրավիճակներում խաղաղ բնակչության նկատմամբ ուժի եւ հատուկ զինատեսակների կիրառման դեպքերին՝ Արման Թաթոյանը պարոն Ֆիշերի ուշադրությունը հրավիրել է ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի կիրառած բռնությունների, բնակավայրերի ռմբակոծության, գլխատումների, ինչպես նաեւ այդ կապակցությամբ ադրբեջանական մամուլում եւ պետական մակարդակով հայատյացության քարոզի վրա: Առանձնապես կարեւորվել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի դերը փաստահավաք աշխատանքների իրականացման հարցում եւ նրա զեկույցների նշանակությունը: Ջ. Ֆիշերին են փոխանցվել այդ աշխատանքների արդյունքները՝ համապատասխան փաստերի ապացույցներով:

Պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել նաեւ Աշխատանքի միջազգային կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Հայնս Կոլլերի հետ: Հանդիպման  ընթացքում քննարկվել են աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները:

Այս հարցը հատկապես կարեւորվել է՝ հաշվի առնելով այն, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանը լիազորված է հետեւել նաեւ մասնավոր կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստել խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը: Կողմերը, մասնավորապես, պայմանավորվել են առաջիկայում հանդես գալ ծրագրային առաջարկով եւ իրականացնել կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ: Պարոն Կոլլերն իր պատրաստակամությունն է հայտնել այդպիսի ծրագրերի իրականացման նպատակով հատուկ առաքելությամբ ժամանել Հայաստան:

 

 

Կարդացեք նաև

Back to top button