ԿարևորՏնտեսական

Այլընտրանքային էներգիան Հայաստանում այլընտրանք չունի

hasmikdilanyan

2017 թ հունվարի 1- ից Հայաստանում կգործեն  գազի, իսկ փետրվարի 1- ից էլեկտրաէներգիայի նոր սակագներ՝ այսօր  լրագրողների հետ զրույցում հայտնել է էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների  փոխնախարար Հայկ Հարությունյանն ու պարզաբանել, որ ցանկությունը մեծ էր ավելի շուտ նվազեցնել, սակայն, օրենսդրության համաձայն, սակագները փոփոխության են ենթարկվում նոր սակագների հաստատումից վեց ամիս հետո միայն: Հիշեցնենք, այս տարվա 1- ից էլեկտրաէներգիայի սակագինը  շարքային սպառողներիս համար նվազել է  2,58 դրամով: Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների  փոխնախարարը այսօր  լրագրողների հետ հանդիպել է՝ էներգետիկ համակարգի առաջնահերթությունները  ներկայացնելու նպատակով:  

 

«Հայաստանում էլեկտրաէներգիայի 40 տոկոսը ստացվում է ատոմային էներգիայից, 30 տոկոսը՝ հիդրոէլեկտրակայաններից, ևս 30 տոկոսը՝ Իրանից ու Ռուսաստանից  ներկվող գազից:  Տարիներ շարունակ քննարկվող այլընտրանքային էներգիայի խնդիրը վերջին շրջանում ավելի արդիական է  դարձել: Ավելին,  էներգետիկ անվտանգության հայեցակարգի 4 հիմնական ուղղությունների մեջ իր առանձնահատուկ դեր ունեն վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, ատոմային էներգետիկայի  և տարածաշրջանային առևտրի ընդլայնման ոլորտները: Վերականգնվող էներգետիկայի ոլորտում նախատեսվում է փոքր միկրոկայանները մասսայականացնելու ծրագիր մշակել։

«Հստակ ծրագիր է պետք, որպեսզի գա ժամանակ, երբ ինքնաթիռով Երևան ժամանելիս վերևից տեսնենք, որ բոլոր տանիքների վրա արևային պանելներ են տեղադրված: Մեր նպատակը հենց դա է: Նպատակը հենց այն է, որ մարդիկ ոչ թե հարցնեն, թե իմաստ ունի՞ արևային պանել դնելը, այլ հարցնեն, թե իմաստ ունի՞ չդնելը: Շատ կարճ ժամանակում կկարողանանք հասնել դրան, որովհետև ախտորոշել ենք բոլոր խնդիրները և ամենօրյա աշխատանք է տարվում բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի ծրագիրն իրականացվի»,- ասում է Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների  փոխնախարար Հայկ Հարությունյանը։

Փոխնախարարի փոխանցմամբ,  Հայաստանի համար նպատակն էներգետիկ անկախության ապահովումն ու ամրապնդումն է: Հայկ Հարությունյանը սեփական օրինակով է փորձում մասսայականացնել արևային  պանելների միջոցով էլեկտրաէներգիայի  ստացումը։ «Ես իմ տան տանիքին տեղադրել եմ արևային պանելներ և արդեն երկուսուկես ամիս է, իմ կողմից սպառված էլեկտրաէներգիան արտադրում եմ ինքս: Հորդորում եմ բոլորին նույնը անել: Դիմել եմ լիզինգի, բերել , տեղադրել են։ Սկզբնական ոչ մի ներդրում չի պահանջում, այն գումարը, որ ես ամսական պետք է վճարեի հոսանքի համար, հիմա պարզապես լիզինգի վճարն եմ անում»:

Մասնագետների պնդմամբ, արևային էներգիայի զարգացման համար Հայաստանում կան բոլոր նախադրյալները,տարեկան ավելի քան 300 արևոտ օր ունենք։ «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի»  հեղինակ Վահան Համազասպյանը  «Ռադիոլուր»-ի հետ զրույցում վստահեցրեց՝ Հայաստանն ունի  ոչ միայն արևից էներգիա ստանալու, այլ նաև արևի օգնությամբ արտադրություն հիմնելու բոլոր հնարավորությունները:

Զրուցակցիս խոսքով, այլընտրանքային էլեկտրաէներգիայի ներդրմամբ   կվերանա ոլորտի մոնոպոլիզացիան, հետևաբար՝ ՀԷՑ-ը ստիպված կլինի կրկին նվազեցնել  հոսանքի ներկա սակագինը: Ի դեպ, Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների  փոխնախարար Հայկ Հարությունյանի  խոսքով՝ առաջիկայում պարզ կլինի, թե որքանով կնվազեն էլեկտրաէներգիայի սակագները: Փոխնախարարը հստակեցրեց՝  հունվարի 1- ից կգործեն գազի, իսկ փետրվարի 1- ից  էլեկտրաէներգիայի նոր սակագները: «Օրենքով վեց ամսից շուտ մենք իրավունք չունենք սակագին վերանայել: Օրենքի փոփոխությունը միգուցե շատ ավելի երկար կտևեր: Շատ ենք ցանկացել ավելի շուտ անել, բայց  օրենքի խնդիրն է: Իսկ այդ դրույթը  կա, որպեսզի որոշակի կայունությունն ապահովենք։ Բոլորս ուրախանում ենք, որ սակագինը նվազում է, սակայն, հակառակը պատկերացրեք, որ եթե օրենքում նման դրույթ չլիներ, հետագայում կարող էր  ավելի հաճախ բարձրանալ»:

Օրակարգում է նաև քամուց էներգիա ստանալու ծրագիրը: Առայժմ ուսումնասիրություններ են կատարվում: էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ,  հետաքրքրված են Իրանը, Իսպանիան, Իտալիան, Չինաստանն ու Վրաստանը:

Երկու էլեկտրահաղորդման գիծ է կառուցվում , մեկը դեպի Իրան, մյուսը՝ Վրաստան։ Մինչև 2019 թ երկուսն էլ միաժամանակ կավարտվեն, և արդյունքում ՝ փոխնախարարի խոսքով, տրանզիտ  առևտրի հնարավորությունները գրեթե տասն անգամ կավելանան: Հարությունյանը վստահ է, որ Հայաստանը կդառնա լուրջ տարանցիկ երկիր: Այժմ Հայաստանից արտահանվող  ապրանքների ցանկում էլեկտրաէներգիայի  արտահանումը, ըստ  Հայկ Հարությունյանի,  6-րդ տեղում է,  սակայն հորիզոնականը բարձրացնելու ցանկությունը շատ մեծ է:

Կարդացեք նաև

Back to top button