
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին:
ՀՀ գլխավոր դատախազը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազության և ԵԽ տարբեր կառույցների միջև տարբեր ձևաչափերով արդեն իսկ ձևավորված համագործակցությունը` կարևորելով համազեկուցողների գործադրած ջանքերը, որոնք ուղղված են մեր երկրում բարեփոխումներ իրականացնելուն:
Դատաիրավական բարեփոխումների համատեքստում ՀՀ Գլխավոր դատախազն անդրադարձել է մշակման և բարելավման փուլում գտնվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության և քրեական օրենսգրքերին, և «Դատախազության մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական բարեփոխումներին, դրանցում դատախազության դերին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել կոռուպցիայի դեմ պայքարին և դրանում հասարակական կազմակերպությունների ներգրավվածությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:




