Հասարակություն

ԱԻՆ-ի ուսումնասիրության արդյունքում շուրջ 100 արձանագրություն է կազմվել

karenghazaryan
ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը նոյեմբերի 14-ից Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի բենզա և գազալցակայաններում իրականացնում է ստուգումներ: Ուսումնասիրությունների արդյունքներն ու հայտնաբերված խախտումները և դրանց վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու միջոցառումներն այսօրվա սուլիսում ներկայացրել են տեսչության պետ Աշոտ Մկրտչյանը և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:


Նոյեմբերի 14-ից ԱԻՆ-ն իրականացնում է մեր երկրում շահագործվող բենզա եւ գազալցակայանների տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ուսումնասիրություն: Արդեն ուսումնասիրվել է 120  բենզա եւ գազալցակայան: ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանի փոխանցմամբ՝ շուրջ 100 արձանագրություն է կազմվել եւ հարուցվել վարույթ. «Հիմնական կոպիտ խախտումները նրանք են, որ շենքերից՝ բնակելի եւ հասարակական շինություններից, պահանջվող հեռավորությունը չի պահպանված: Այդ տարածությունը պետք է լինի 50 մետր: Բացառություն կարող է լինել՝ 25 մետր, եթե սպասարկում են 500 մեքենայից պակաս»:

Հիմնական թերություններից մեկն էլ ջրամատակարարման հետ է կապված: Խախտումներ կան նաեւ՝ պահեստի հետ կապված, լցակայանների պահեստային տարանները գտնվում են գետնի վրա եւ ոչ թե ստորգետնյա են: Աշոտ Մկրտչյանի փոխանցմամբ՝ քանի որ հայտնաբերված թերությունները վերացնելը ժամանակ է պահանջում, հարուցված վարույթները կասեցվել են, եւ ժամանակ է տրվել շահագործող սուբյեկտներին՝ մինչեւ 2017 թվականը դրանք շտկելու համար:

«Չվերացնելու դեպքում արդեն օրենքի ամբողջ խստությամբ կկիրառվեն տուգանքներ եւ գործունեության դադարեցում»:

ԱԻՆ ներկայացուցչի խոսքով՝ անցյալ տարի ստուգումներ են իրականացվել գազալցակայաններում եւ ներկայումս այստեղ ավելի բարվոք վիճակ է, քան բենզալցակայանների պարագայում: ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանի խոսքով՝ նման վիճակագրության ետեւում տարիների լուրջ աշխատանք կա.

«Բավական լուրջ աշխատանքներ են իրականացվել եւ ներդրումներ են կատարվել՝ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Դա մեկ օրում չի կատարվել, այլ՝ տարիների հետեւողական աշխատանքի մասին է խոսքը»:

Վիճակի բարելավման մասին խոսում են  նաեւ թվային տվյալները: Դրանց համաձայն այս տարի գրանցվել է 4 դեպք՝ առանց զոհերի: Դեպքերից երկուսը՝ բենզալցակայանում է գրանցվել, երկուսը՝ գազալցակայանում: Դրանց պատճառը եղել է մարդկային գործոնը: Համեմատության համար ասենք, որ 2011 թվականին գրանցվել է 19 հրդեհի դեպք, իսկ 2015-ին՝ 8 դեպք: ԱԻՆ ներկայացուցիչները նաեւ տեղեկացրեցին, որ ստուգումները բենզա եւ լցակայաններում դեռեւս շարունակվում են: Ուսումնասիրությունների ավարտից հետո միայն առավել հստակ ԱԻՆ-ը կներկայացնի ամբողջական պատկերը:

Back to top button