

Ապրիլի 4-ին Մատաղիսի դիրքերի զինվորներին սնունդ հասցրած շարքային Գոռ Կիրակոսյանը զոհվեց արկի պայթյունից: Գոռի ծառայության ավարտին մնացել էր 95 օր: Նա ծառայակից ընկերոջ հետ որոշել էր բանակից հետո նոր գործ հիմնել ու աշխատել: Շարքային Գոռ Կիրակոսյանի և ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին այսօր Արմավիր քաղաքի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակումt տեղադրվեց և օծվեց խաչքար: Գոռ Կիրակոսյանին այսօր հետմահու պարգևներ են հանձնել ԵԿՄ-ն և «Զինվորի մայր» հ/կ- ն։
Գոռ Կիրակոսյանը Արևիկի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջում: Առաջին կուրսից մեկնել է բանակ: Ծառայել է Մատաղիսի զորամասում, վարորդ էր, դիրքերը պահող զինվորներին հաց էր տանում: Մխիթար Գրիգորյանը Գոռի ծառայակից մտերիմ ընկերն է: Ասում է, որ ծառայության սկզբից միասին են եղել, նվիրված էր ընկերներին, անտարբեր չէր ծառայությանը: «Մենք միասին էինք դիրքեր բարձրանալու, բայց Գոռը ջղայնացավ վրես ու ասեց՝ ես գնամ գամ, նոր դու բարձրացի: Գնաց ու չեկավ։ Ցավոք, նա զոհվեց, ես միշտ հիշում եմ Գոռին: Բանակից հետո Ռուսաստան էի գնացել, երբ իմացա, որ Գոռի հիշատակին խաչքար են տեղադրելու՝ Ռուսաստանից եկա»,- ասում է Մխիթարը։
Ծառայությունից հետո ընկերներով իրականացնելու երազանքներ ունեին. միասին գործ էին հիմնելու, աշխատելու: Պատերազմը խլեց Գոռի ու մյուս ընկերների կյանքը, երազանքները մնացին:
Մխիթարն այսօր հպարտ, սակայն մտախոհ կանգնել է ոչ թե ծառայակից ընկերոջ կողքին, այլ այն խաչքարի մոտ, որը հավերժացնում է մտերիմ ընկերոջ և ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինվորների հիշատակը: Խաչքարն օծվեց Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ:
«Ապրիլյան մարտական գործողությունների 4 օրերը, երբ թշնամին փորձում էր վտանգել արցախյան ազատամարտի փայլուն հաղթանակները, դարձան հայ զինվորի հայրենասիրության և անձնազոհության ևս մեկ արտացոլումը: Հայկական բանակի հզորության և հայրենի հողը չզիջելու հաստատակամության նորօրյա խորհրդանիշներից մեկն էլ ապրիլի 4-ին դարձավ շարքային Գոռ Կարապետի Կիրակոսյանը»,- ասված է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղերձում, որն ընթերցեց ու Գոռ Կիրակոսյանի ծնողներին հանձնեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ապրիլյան պատերազմում զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրք է մատուցում և մշտապես նրանց ծնողների կողքին է կանգնում «Զինվորի մայր» հ/կ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, ով մոտիկից շփվում ու ճանաչում է զինվորին, ապրում նրա հոգսերով: Մարգարիտա Խաչատրյանը Գոռի մորը՝ Գայանեին, հանձնեց որդու հերթական պարգևը՝ «Զինվոր հայրենյաց» մեդալը:
Երկրապահ կամավորականների միությունը ևս Գոռ Կիրակոսյանին հետմահու պարգևատրեց երկրապահի հուշամեդալով: Ծնողների և հարազատների համար Գոռը միշտ ներկա է: Գոռը տան կրտսեր զավակն էր: Հայրը՝ Կարապետ Կիրակոսյանը, շեշտում էր որդու նվիրվածության մասին, ասում՝ Գոռս հոգով-սրտով նվիրված էր ծառայությանը։
Ծառայության ավարտին մնացել էր 95 օր: Պատերազմի ընթացքում ծնողներին հանգստացրել է, որ ինքը դիրքերում չէ, իր գործով է զբաղված: Ծնողները հավատացել են ու հաշվել վերադարձի օրերը: Որդին կյանքը փառքով տվեց հայրենիքին:
Ցավն ու կորուստն անկրկնելի են ծնողների համար, սակայն դիմակայելով կսկիծը՝ ապրում են որդու հուշերով:
Ապրիլյան պատերազմի ընթացքում Գոռն Արմավիրի մարզից միակ զոհը չէ, շատերն են, որոնք ապացուցեցին, որ հայրենիքը սուրբ է, և կյանքն անվարան տվեցին նրա փրկության համար:




