

Սեպտեմբերից սկսել է գործել պրոբացիոն նոր ծառայությունը: Երկար քննարկված ինստիտուտի ներդրմամբ արդարադատության ոլորտում էական փոփոխություններ են ակնկալում: Սպասվում է, որ ծառայության գործարկման արդյունքում մոտ 30 տոկոսով կկրճատվի քրեակատարողական հիմնարկներում կալանավորների թիվը, էականորեն կնվազեն պետության ծախսերը: Ոլորտի պատասխանատուներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այսօր քննարկել են նորաստեղծ ինստիտուտի ներդրման խնդիրներն ու զարգացման հեռանկարները:
Նորաստեղծ պրոբացիայի ծառայությունը սեպտեմբերից գործում է քրեակատարողական հիմնարկների վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի հենքի վրա՝ որպես արդարադատության նախարարության առանձնացված ստորաբաժանում: Ծառայությունն ունի պետ, տեղակալներ և մարզային ստորաբաժանումներ , աշխատակիցները ոչ թե զինծառայողներ, այլ՝ քաղաքացիական ծառայողներ են: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի խոսքով ՝ սեպտեմբերից երկար քննարկված ինստիտուտը պաշտոնապես գործարկված է:
Ներդնել վերականգնողական արդարադատության համակարգ, նվազեցնել քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը, նպաստել իրավախախտ անձանց վերաինտեգրմանը հասարակություն կամ սոցիալականացմանը՝ սրանք են այն հիմնական նպատակները, որոնք հետապնդում են ոլորտի պատասխանատուները համակարգի ներդրմամբ:
Պրոբացիան ազատազրկման այլընտրանք է այն իրավախախտների համար, որոնք հասարակության անվտանգության համար պակաս ռիսկային են: Պատկերավոր ձևակերպմամբ՝ անազատություն ազատության մեջ, որի հսկողությունը պետք է իրականացնի պրոբացիոն ծառայությունը: Մասնագետների կարծիքով՝ պրոբացիան թույլ կտա փոխել մեր արդարադատության բնույթը՝ պատժողականից շրջվելով դեպք վերականգնողական: «Շատ է խոսվում, որ կալանքը որպես խափանման միջոց շատ է կիրառվում եւ ըստ այդմ, պետության քաղաքականությունն այն է, որ մենք նոր խափանման միջոցներ ենք մտցնում՝ տնային կալանք, վարչական հսկողություն: Պրոբացիան ապահովելու է այդ խափանման միջոցների իրագործումը»:
Ծառայությունն ամբողջ ծավալով կգործի, երբ ընդունվեն քրեական ու քրեադատավարական նոր օրենսգրքերը, որոնցով այլընտրանքային պատիժների նոր տեսակներ, խափանման նոր միջոցներ կսահմանվեն: Դրանցից մեկը, ի դեպ, կլինի էլեկտրոնային հսկողությունը: «Սա նշանակում է՝ համապատասխան անձի ոտքին ամրացվելու է համապատասխան սարքավորում, որը հսկելու է նրա գտնվելու վայրը: Տնային կալանքի դեպքում՝ տնից որոշակի շառավղով հեռավորության վրա, իսկ եթե վարչական վերահսկողություն է, հսկելու է նրա շարժը»:
Արդարադատության փոխնախարարի խոսքով՝ սպասվում է, որ պրոբացիոն ծառայության ամբողջական գործարկման արդյունքում մոտ 30 տոկոսով կկրճատվի ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց թիվը: Ակնկալվում է, որ պրոբացիայի ծառայության ներդրումը արդյունավետ կլինի նաեւ տնտեսապես, քանի որ էականորեն կկրճատվեն պետության կողմից կատարվող ծախսերը:
Մեր երկրում քրեակատարողական հիմնարկում յուրաքանչյուր դատապարտյալի կեցությունն ապահովելու համար բյուջեից օրական մոտ 6000 դրամ է ծախսվում: Քրեակատարողական հիմնարկներում այսօր շուրջ 4000 դատապարտյալ կա, իսկ դա նշանակում է, որ այդ ուղղությամբ օրական ծախսվող գումարը անցնում է 24 մլն դրամի սահմանը: Ըստ նախնական հաշվարկների՝ պրոբացիայի վերահսկողության տակ գտնվող իրավախախտի վրա պետությունը տասն անգամ պակաս գումար կծախսի:




