

Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» ռուսալեզու գիրքը 2017-ին կթարգմանվի անգլերեն, իսկ 2018-ին կհրատարակվի ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ այսօր հայտարարել է մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ Արտավազդ Փելեշյանի և լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ: Ի դեպ՝ վերջինի խնդրանքով հանդիպմանը մասնակցել են խիստ սահմանափակ թվով լրատվամիջոցներ: «Արտավազդ Փելեշյանը երկար ժամանակով է Երևանում, այնպես որ մյուս լրատվամիջոցները ևս առիթ և հնարավորություն կունենան վարպետի հետ հանդիպելու»,-ասել է Արմեն Ամիրյանը՝ հայցելով հանդիպմանը ներկա չգտնվող լրատվամիջոցների ներողամտությունը: Իսկ Փելեշյանը խոսել է կինոյի մասին՝ ի՛ր կինոյի, որտեղ երկար տարիներ միայն լռություն է:
«Մշակույթի նախարարի յուրաքանչյուր փոփոխության հետ ակտիվանում են խոսակցությունները՝ արդյո՞ք Փելեշյանը կրկին կնկարի»,- ռեժիսորին ուղղված լրագրողի առաջին հարցը Փելեշյանի կինոյին էր վերաբերում: «Արմեն Ամիրյանի հետ քննարկվել է այդ թեման: Վերջապես խոսեցինք « Հոմո սափիենսի» սցենարի մասին և նախարարը շատ դրական վերաբերմունք ցուցաբերեց: Այդ սցենարը մեծ գումար է պահանջում, բայց մենք որոշեցինք բաժանել գումարը հինգ տարիների մեջ ու այդպես ֆիլմը նկարել»,- ասաց Փելեշյանը:
Նրա տեղեկացմամբ՝ նախարարի հետ քննարկվել է նաև 2017-ին մեկ այլ՝ վավերագրական ֆիլմ նկարելու գաղափարը: Վերադառնալով «Հոմո սափիենս»- ին՝ Փելեշյանն ասում է, որ 30- 40 տարվա սցենարի մեջ գրեթե ոչինչ չի փոխել ու չի էլ փոխի, որովհետև այնտեղ հարցը լուծված է հիմնովին: Նախնական հաշվարկներով` նվազագույնը 50 միլիոն դոլար արժողությամբ իր ֆիլմի մասին ռեժիսորն ասում է. «Եթե ուզում ես դա իրականություն դարձնել, ուրեմն այդ գումարը պետք է ծախսես: 68 թվականից հայտը ներկայացրել եմ: Երկիրը փլուզվեց, գործս մնաց ավերակների տակ»:
Վարպետը խոսեց նաև իր հայտնի տարածական մոնտաժի մասին: «Այն ինձ համար փիլիսոփայություն է, մի քիչ էլ՝ տեխնիկա»,- ասում է։
Հայ կինոյի անցյալի, ներկայի ու ապագայի մասին ևս. « Խորհրդային կինոն քանդելը հիմարություն էր: Ժամանակակից կինոն գուցե բարդ է ընկալել, բայց լավ օրինակներ կան: Բարդությամբ չի կարելի դատել ֆիլմը»,-ասաց Փելեշյանը՝ որպես հաջոցված օրինակ վկայակոչելով Վիգեն Չալդրանյանի, Ռուբեն Գևորգյանցի մի քանի աշխատանքներ:
Ինչ վերաբերում է հայ կինոյի ապագային , ապա համոզված է. «Ամեն ինչ տեղն է ընկնելու: Արդեն տեղն է ընկնում»: Լրագրողները նաև պարզեցին, որ տարածական փիլիսոփայության հեղինակն այսօր անտարբեր է մրցանակների հանդեպ: Սիրում եք կարդալ, թե՞ ֆիլմ դիտել, հարցին ևս Փելեշյանի արձագանքն ինքնատիպ էր. «Հաճույքով եզրակացություններ եմ անում»։
«Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը». Արտավազդ Փելեշյանի ռուսալեզու գիրքը 2017-ին կթարգմանվի անգլերեն, իսկ 2018-ին կհրատարակվի ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Գիրքը հայերեն թարգմանելու անհրաժեշտություն Փելեշյանը չի տեսնում: «Թեման շատ բարդ է, գիտատեսական: Գիրքը հայերեն թարգմանելու կարիք չկա: Դրա փոխարենը այստեղ կարող ենք ստեղծել մի բան, որն ուրիշները կցանկանան ունենալ»,- ասում է հեղինակը:
Ժամանակին Կենտկոմից գոհ, բայց հաշվապահներից դժգոհ Փելեշյանն այսօր դժվարացավ պատասխանել հարցին, թե իրեն լավ է զգում Հայաստանո՞ւմ, թե՞ Ռուսաստանում: «Ես ի՞նչ իմանամ: Երբեմն գալիս եմ , որ մնամ, բայց այնպես են անում, որ գնամ»: Կես կատակ, կես լուրջ Փելեշյանն ասում է, որ դժգոհությունն այսօր էլ հաշվապահներից է:
Արտավազդ Փելեշյանի հետ հանդիպումն ավարտվում է վարպետի կենսագրականին առնչվող փոքրիկ տեղեկատվությամբ: «Ծնվել եմ Լենինականում, բայց ինձ անմիջապես տեղափոխել են Կիրովական, այնպես որ էությամբ լոռեցի եմ»:




