ԿարևորՀասարակություն

Սփյուռքի նախարարության պարգևը՝ Հանրային ռադիոյի «Կամուրջ» ծրագրին

hasmikmartirosyan
Այս տարի հանրային երկու ԶԼՄ-ներ՝ ռադիոն ավագի  եւ հեռուստատեսությունը կրտսերի կարգավիճակում  նշում են հիմնադրման 90 եւ 60 ամյակները: Պատկառելի տարիք, որի ընթացքում վավերագրվել
 են  խորհրդային եւ անկախ Հայաստանների կենսագրությունը։ Այսօր ռադիոյի եւ հեռուստատեսության աշխատակիցները հյուրընկալվել էին Սփյուռքի  նախարար Հրանուշ Հակոբյանին եւ անձամբ նախարարից ստացել ոսկե մեդալներ, ունկնդրել գովասանքի եւ շնորհակալական խոսքեր: Շքանշանակիրների թվում էր նաեւ Հանրային ռադիոյի «Կամուրջ» ծրագրի ղեկավար Ռուզան Առաքելյանը: «Ռադիոլուր»-ը մասնակցել Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության աշխատակիցներին նվիրված գնահատանքի երեկոյին:

 

Հայաստանի հանրային ռադիոն եւ հեռուստատեսությունը այս տարի նշում են հիմնադրման 90 եւ 60-ամյա տարեդարձերը: Մոտ մեկդարյան եւ կեսդարյա պատմություն ունեցող լրատվամիջոցներն այսօր հպարտանում են իրենց կենսագրությամբ, լրատվամիջոցների բազմազանության մեջ սեփական դեմքով ներկայանալու հնարավորությամբ, ինչպես նաեւ վաստակած ու շնորհված հանրային կոչմամբ: Հանրային ռադիոյի «Կամուրջ» ծրագիրն անկախ Հայաստանի պատմության ծնունդն է, ցեղասպանություն ապրած ժառանգների ճակատագրի վավերագրողը ու Սփյուռքի եւ հայրենիքի միջեւ կամուրջը: Ծրագրի ղեկավար Ռուզան Առաքելյանին այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ճարտարապետ բնորոշեց, ով աշխարհամասերի միջեւ ահռելի տարածական հեռավորությունը կամրջում ու մեր հայրենակիցներին անուղղակի տուն դարձի ճանապարհ է ցույց տալիս։

«Չեմ հիշում որևէ մի միջոցառում, որը հաղորդման գլխավոր ճարտարապետ Ռուզան Առաքելյանի գլխավորությամբ «Կամուրջը» շրջանցի: «Մայրենիի դեսպան» ոսկե մեդալն իմ ամենանախընտրելիներից է: Շնորհաակություն  հայոց լեզուն անաղարտ Սփյուռք հասցնելու համար»:

Ի դեպ, տիկին Առաքելյանը չի հիշում, թե այսօր հանձնված ոսկե մեդալը որերորդն է՝ պարգեւներն ամբողջ «Կամուրջինն» են, այսօրվա գնահատականը նույնպես, մենք այն փայփայում ենք եւ նորովի վերադարձնում՝ ասում է ծրագրի ղեկավարը:

«Հայաստան-Սփյուռք կապը չպետք է միայն խոսք լինի, պետք է լինի գործ: Հայաստանն ու Սփյուռքը պետք է միմյանց ճանաչեն: Երբեք այն կամուրջը, որի մասին խոսում ենք, չի կարող կայանալ, եթե հայրենիքը չլինի։ Եթե հայրենիքը չլինի՝ կիմաստազրկվի Սփյուռքը, եւ առանց Սփյուռքին էլ չի կարող լինել հայրենիքը այնքան հզոր, որքան ակնկալում ենք: Այդ երկու միասնություններն են, որ պետք է դառնան մեր հզոր պետականության երաշխիքները»:

Հանրային հեռուստատեսության լրագրող, հաղորդումների հեղինակ եւ վարող Արփեն Մովսիսյանի դերն անգնահատելի է ոսկեղենիկ հայերենի տարածման գործում: «Գործի նվիրյալ». այսպիսին է նախարարի բնորոշումը։ Բարձր պարգեւ հանձնելիս՝  այն անուղղակի բաժանեց երկու մասի՝ Վահան Կարապետյանի, ով անձնական եւ գործնական կյանքում տիկին Արփենի անբաժանելի կեսն է, եւ սիրված լրագրողի միջեւ: Արփեն Մովսիսյանի համար՝ հեռուստատեսությունում աշխատողները նվիրյալներ են, որոնց պետք է գնահատել:

«Ես ուղղակի շնորհակալ եմ ճակատագրին, որ ինչ- որ բան կարող եմ անել իմ երկրի համար: Իմ ամբողջ կենսագրությունը նվիրում է հայրենիքին: Ոչ միայն հացիվ, այլ նաեւ բանիվ՝ որովհետեւ մեր շրջանակում, մեր պտույտների մեջ միայն նվիրյալներ են»:

Այսօր ոսկե բարձր պարգեւի արժանացավ նաեւ Հանրային հեռուստատեսության հաղորդավար, ռեժիսոր, սցենարիստ, լրագրող Արթուր Բախտամյանը, ով տարբեր ձեւաչափերով ներկայացված հաղորդումների միջոցով աշխարհասփյուռ հայությանը պատմում է ստեղծագործ ու աշխատասեր, արարող ու կերտող հայի հավաքական կերպարի մասին: Այսօր ՀՀ Սփյուռքի նախարարը շնորհակալագրեր հանձնեց նաեւ կադրից դուրս, բայց  կադրի համար շատ կարեւոր հեռուստատեսության աշխատակիցների մի խումբ աշխատակիցներ:

Կարդացեք նաև

Back to top button