

ԼՂՀ Հադրութի շրջանի Պլեթանց գյուղում երիտասարդներ չկան: Ներկայում ապրում է 25 մարդ, որոնց տարիքը 45-ից 80-ի է հասնում: Գյուղի աճող ընտանիքների մի մասը հաշվառված են համայնքում, սակայն ապրում են այլ բնակավայրերում: Գյուղում դպրոց ու մանկապարտեզ չկա: Տարրական դպրոցը փակվել է 2011թ-ին, որտեղ վերջին անգամ սովորել է 6 երեխա: Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարը մտահոգված է իր բնակչին տեղում պահելու խնդրով:
Արցախի հանրապետության Հադրութի շրջանը գտնվում է հարավ-արևելյան մասում: Ըստ Արցախի ազգային վիճակագրական ծառայության տվյալների Հադրութի շրջանն ունի 29 համայնք՝ 47 բնակավայրով: Բնակավայրերի մի մասը ժամանակավորապես գտնվում է հակառակորդի վերահսկողության տակ, մի մասը պատերազմից հետո չի բնակեցվել: Պլեթանց համայնքի կազմում ներգրավված է երկու գյուղ՝ Պլեթանցն ու Ծաղկավանքը: Կարելի է ասել երկու ծերացող գյուղ, որը զարգացման հեռանկար չունի, քանի որ գյուղում չկա դպրոց և մանկապարտեզ: Երիտասարդները հեռացել են, մնացել են ծերերը:
Պլեթանցում հաշվառված է 72 մարդ, սակայն ապրում է 25-ը, որից 3-ը Ծաղկավանք գյուղում, 22-ը Պլեթանցում: Բնակիչները 45-ից բարձր տարիք ունեցողներն են: Անցած տարվա սեպտեմբերի 16-ից Պլեթանց համայնքը կին ղեկավար ունի, նախկին քարտուղար Անգին Ծատրյանը: Պլեթանցում ընտրողների թիվը 47-ն է: Ծերացող գյուղի կին ղեկավարը միջին տարիքի է՝ 48 տարեկան: Նա ցավով նշեց գյուղը լքող երիտասարդների մասին, որոնք հիմնավոր պատճառներ ունեն՝ աշխատանք չկա:
«Մեր գյուղում, ցավոք սրտի, ջահելություն չկա, հիմնականում թոշակառուներ են, մեկ էլ միջինը մին 50-60 տարեկան, այ էդ ձևի, ցավոք սրտի, մեր գյուղը փլուզվում ա, քայքայման եզրին ա: Երիտասարդները գործ չլինելու պատճառով մտել են զինվորական ծառայության…»:
Գյուղից հեռացողներն ապրում են Արցախի տարածքում, անցնելով զինվորական ծառայության պաշտպանում են հանրապետության տարբեր ուղղություների սահմանները: Համայնքի ղեկավարի ավագ որդին նույնպես զինվորական է, ծառայում և ապրում է Ստեփանակերտում:
Ծերացող գյուղում կա 2 երիտասարդ՝ համայնքի ղեկավարի 28-ամյա որդին և համայնքապետարանի քարտուղարի 25-ամյա որդին: Երկուսն էլ չամուսնացած: Անգին Ծատրյանը նշեց, որ մինչև 2011 թվականը Պլեթանցում գործել է տարրական դպրոց, որտեղ վեչջին անգամ սովորել է 6 երեխա, միջնակարգ կրթությունն էլ ստացել են Հադրութում:
Գյուղի բնակչությունը զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Պլեթանցում կա 15 հա սեփականաշնորհված հողատարածք, 51 հա էլ վարձակալած հողեր, որոնք դրված են հացահատիկի մշակության տակ: Սեփականաշնորհված 15հա –ից միայն 7 հա-ի վրա էր ցորեն ցանվել,մնացած 8 հա չէր մշակվել, իսկ վարձակալած 51 հա հողատարածությունից 8 հա ցորեն էր, 43 հա-ը՝ գարի: 1 հա-ի միջին բերքատվությունը 20ց: Համայնքի ղեկավարը նշեց, որ այս տարի հացահատիկի ցանքատարածքները տուժել են կրծողներից, այլապես նախորդ տարվա համեմատությամբ ավելի բարձր բերք կունենային:
Հացահատիկ մշակողները տարվա մեջ մի քանի անգամ են գալիս գյուղ, վարում, ցանում, ոռոգում և հնձում: Գյուղում խմելու ջուր կա, էլեկտրականություն կա, սակայն ոռոգման ջուր չունեն: Տնեմերձ հողամասում մշակվող բանջարեղենը խմելու ջրով են ոռոգում: Գյուղում նաև զբաղվում են անասնապահությամբ, ունեն 72 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Պահում են նաև խոզեր, սակայն ժանդախտ հիվանդության պատճառով գրեթե 50 գլուխ խոզ ամռանը սատկեց:
Պլեթանցում ապրող տատիկ-պապիկներին թոռները հյուրընկալվում են արձակուրդներին, նրանք որոշել են շարունակել հայրերի գործը՝ զինվոր են դառնալու, որ պաշտպանեն հայրենիքը:
Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Վալերի Գևորգյանը կարևորեց գյուղերի զարգացումը, որպեսզի կարողանան բնակչին տեղում պահել. «Մտածում ենք, որ մեր ազգաբնակչությունը մնա այստեղ, մնալու համար մեզ պետք է, որ նոր տներ կառուցվի, տներ վերանորոգվի, արդեն էն դարն անցելա, որ երկու ամուսնացած եղբայր մի տանը ապրեն, նոր տներ պետք է կառուցվեն»:




