

Արցախը հայկական լեռնաշխարհի պատմական հուշարձաններով հարուստ տարածք է, որտեղ իրականացվում են հնագիտական եւ հնէաբանական բնույթի տարբեր պեղումներ: Հնչեղություն ունեցող պեղումներից կարելի է առանձնացնել Տիգրանակերտը, իսկ հնէաբանական հետազոտություններից վերջերս կատարված գենետիկ ուսումնասիրությունը։ Այն ցույց է տվել, որ հայերը այս տարածքի բնիկներն են: Ովքե՞ր են եղել 6-7 հազար տարի առաջ Արցախի տարածքում ապրող բնիկները։
Ազոխի քարանձավում, որն ըստ էության համալիր է եւ գտնվում է Արցախի հարավային մասում, Հադրութի շրջանում, դեռ 60-ական թվականներին՝ խորհրդային ժամանակաշրջանում, ադրբեջանցիների եւ ռուսների կողմից պեղումներն էին սկսել, քանի որ այն հնագիտական եւ հնէաբանական տեսանկյունից հարուստ էր նյութերով եւ կարող էր տարածաշրջանի պատմությունը վերախմբագրեր։ Ուսումնասիրությունները վերսկսվեցին անկախությունից հետո:
Համալիրը հայտնի է նրանով, որ այնտեղ 13 մետր խորությամբ մշակութային շերտ կա, գոյություն ունի 300 հազար տարվա վաղեմի հարուստ պատմություն, որը ժառանգություն է մնացել է վաղ նեանդերտալ մարդու ժամանակաշրջանից: Արտերկրի մասնագետների հետ պեղումներ ու ուսումնասիրություններ են վերսկսվել հանգուցային համարվող Ազոխ քարանձավից մինչեւ Ալեքսանա Ղուզե քարանձավ՝ մարդկանց տեղաշարժը բացահայտելու համար:
Հետազոտական նախնական տվյալների համադրմամբ՝ Ալեքսանա Ղուզեն Ազոխից տարբերվում է մեկ առանձնահատկությամբ. Այստեղ կան ԴՆԹ-ի պահպանման եզակի նպաստավոր պայմաններ: Այսինքն՝ հնարավոր է հնագույն շերտը համեմատել ներկայի հետ: Այսօր արդեն հնէաբանները պնդում են, որ հայերն այստեղ բնիկներ են, ինչը ապացուցում են գենետիկ հետազոտությունները՝ այսօր հայտարարեց Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, միջազգային հնէաբանական արշավախմբի ղեկավար, մարդաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր Լևոն Եպիսկոպոսյանը:
Գենետիկ հետազոտություններն իրականացվել են Կոպենհագենում եւ լաբորատոր ուսումնասիրությունները ամբողջացվելու եւ հրատարակվելու են «Նեյչըր» հեղինակավոր ամսագրում՝ որպես տեղի եւ օտարազգի հնէաբ անների համատեղ հետազոտության արդյունք։ Այն ամրագրում է, որ տարածքում ապրողները շարունակականություն ու անընդհատություն ապահովող գենետիկ նույնությամբ բնիկներ են եղել:
Իսկ ի՞նչ նշանակություն ունեն նման հետազոտությունները եւ բացահայտումները մեզ՝ հայերիս համար՝ հակազդել ու համարժեք պատասխան տալ մեր հարեւանների անհիմն հայտարարություններին, որ հայերը եկվորներ են: Համարժեք պատասխան է տրվել նաեւ, երբ գտնելով ու ԴՆԹ անալիզի ենթարկելով քարանձավում հայտնաբերված մարդու ատամը՝ վերահաստատվել ու ապացուցվել է, որ այն պատկանում է հայերի գենետիկ նախնիներին: Ըստ մարդաբան-գենետիկ Լևոն Եպիսկոպոսյանի՝ քարանձավային համալիրի բնակիչների կենցաղին վերաբերող մանրամասները դեռ սակավ են, բայց հայտնաբերված ձկան փուշը որոշակիացրել է, թե ինչո՞վ են զբաղվել տվյալ տեղանքի բնակիչները, ի՞նչ կենդանիներ են բնակվել, ի՞նչ բույսեր աճել: «Մենք անցյալ տարի էլ գտանք ողը ձկան: 70-80 սմ երկարության ձկներ են եղել: Թարթառ գետից որսացել են, եւ տարածքը նպաստավոր պայմաներով հարուստ է եղել 30-40 հազար տարի առաջ»,- ասում է։
Շոգ ամռանը քարանձավի ներսում ջերմաստիճանը 10 աստիճանից փոքր-ինչ բարձր է, իսկ ձմռանը մնում է դրական։ Ալեքսանա Ղուզե հնավայրով հետաքրքրվում են նաև արտասահմանի գիտահետազոտական կենտրոնները։




