Հասարակություն

Հայաստանում շրջանառվում է գրիպի A տեսակի H3 ենթատիպը

«Վերջին 15 օրվա ընթացքում Հայաստանում սկսվեց շրջանառվել գրիպի A տեսակի H3 ենթատիպը: Այլ ենթատիպեր ներկա պահին չեն շրջանառվում: Հատկապես H1N1-ի շրջանառություն մեր երկրում ներկա պահին չունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Նրա խոսքով՝ դպրոցական արձակուրդների ավարտից հետո դպրոցներում և մանկապարտեզներում ամենօրյա դիտարկում է անցկացվում, քանի որ թիրախային խումբ են հանդիսանում հենց այդ կազմակերպությունները. «Մենք նկատեցինք, որ վերջին 10 օրվա ընթացքում ոչ կտրուկ, սակայն աշխուժացում է նկատվում 0-14 տարեկան երեխաների շրջանում»:

Արտավազդ Վանյանը տեղեկացրել է, որ տեսնելով որոշակի աշխուժացում՝ ԱՆ-ն համապատասխան շահագրգիռ գերատեսչություններին՝ տարածքային կառավարման նախարարությանը, կրթության և գիտության նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին, առաջարկել է երկուշաբթի օրվանից ներդնել համաճարակաբանական ֆիլտր. «Դա կանխարգելիչ միջոցառում է, որով կարողանում ենք թեթևակի նախանշանների դեպքում անմիջապես մեկուսացնել և առաջնային բժշկական կազմակերպության միջոցով կազմակերպել տվյալ երեխայի բուժումը»:

ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենը բնակիչներին հորդորում է թեթև նախանշանների դեպքում անմիջապես մեկուսացնել տվյալ անձին՝ լինի դա երեխա, թե մեծահասակ:

Back to top button