
տեղադրվել է ժամը 11։52- ին
լրացվել է ժամը 17։13- ին

Հայաստանում մեկնարկել է Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության ձևաչափով հանդիպումը` նվիրված հետազոտության, գիտության և նորարարության հարցերին: «Ասոցացման ճանապարհը, որն անցել ենք եվրոպական գործընկերների հետ միասին, մեր երկրի համար բավականին երկար և պատասխանատու է եղել: Մենք սկսել ենք 3 տարի առաջ և այսօր կարող ենք հայտարարել, որ ՀՀ օրենսդրության համաձայն` համաձայնագիրն ուժի մեջ է մտել մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 12-ին»,- ողջունելով հանդիպման մասնակիցներին ասել է ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարն իր վստահություն է հայտնել, որ «Հորիզոն-2020» ծրագիրը կնպաստի ՀՀ-ում գիտության զարգացմանը: Ողջույնի խոսքով հանդես են եկել ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը և հետազոտության, գիտության և նորարարության հանձնակատար Կարլոս Մոյեդաշը։
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հավատում է, որ «Հորիզոն20 20» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիրը նոր հնարավորություններ կբացի մասնակից երկրների, այդ թվում՝ Հայաստանի գիտական հասարակության առջև: Ողջունելով Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման մասնակիցներին՝ Լևոն Մկրտչյանն ընդգծել է, որ Արևելյան գործընկերության անդամ պետությունների կրթության և գիտության նախարարների հյուընկալումը մեր երկրի համար մեծ պատիվ է:
Նախարարը հայտնեց, որ «Հորիզոն-2020»-ի ծրագրերի իրականացումը շարունակվելու է մինչև 2020թ., և ընդգրկում է 3 գերակա ուղղություն` գիտության գերազանցություն, արդյունաբերական առաջնորդություն և հասարակական մարտահրավերներ: Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանն իր հերթին նկատեց, որ յուրաքանչյուր երկրում տնտեսության զարգացմանը կարող են նպաստել որակյալ աշխատուժն ու որակյալ գիտնականները, դրա համար էլ «Հորիզոն-2020»-ի շրջանակներում քննարկվում են այնպիսի խնդիրներ, թե ինչ պետք է անել, որպեսզի ուղեղների արտահոսքը կանխվի:
«Մենք պետք է օգտվենք գիտահետազոտական աշխատանքների և նորարարության ներուժից, որն արդեն առկա է, բայց կարելի է ավելին էլ ունենալ: Գոյություն ունի «Հորիզոն 2020» ծրագիր, որը նախատեսված է նաև ԵՄ անդամ չհանդիսացող երկրների հետ համագործակցելու համար, քանի որ գիտության և հետազոտության ասպարեզում սահմաններ գոյություն չունեն: Եվ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի անցյալի դժվարություններն ու մարտահրավերները հաղթահարենք: Մեր խնդիրներից է նաև ուղեղների արտահոսքը ուղեղների շրջանառության վերածելը»,- ասում է:
ԵՄ հանձնակատար Կարլոս Մոեդաշը վստահ է, որ միասին աշխատելով ավելի լավ արդյունքների կարելի է հասնել: Նա նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են կոնկրետ քայլեր, թե ինչպես ավելի լավ համատեղել բոլոր ուժերը և միասին բարձրանալ գերազանցության սանդուխքով: «Որքան մենք ենք ձեզ պետք, այնքան էլ դուք եք մեզ պետք, որովհետև գիտությունն ի վերջո համագործակցության կարիք ունի: Եվ այս առումով անհրաժեշտ է, որպեսզի բոլորը համագործակցեն: Առանց դրա գիտությունն առաջընթաց չի ապրի»:
ԵՄ հանձնակատարը հայտնեց, որ Հայաստանում երկխոսությունների արդյունքում գիտության և կրթության ոլորտում նոր ծրագիր կյանքի կոչելու որոշում են ընդունել: Ծրագիրը կկոչվի «Եվրամիությունը հանուն նորարարության», որի միջոցով կփորձեն նորարարությունների իրականացման համար ֆինանսավորման խնդիրները լուծել: ՀՀ ԿԳ նախարարը վստահ է՝ «Հորիզոն 2020» ծրագրին ՀՀ մասնակցությունը կնպաստի մեր հանրապետության գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի ինտեգրմանը եվրոպական հետազոտական տարածքին։




