Հասարակություն

Օպտիմալցումն ու ՊՈԱԿ-ների լուծարումը շարունակվում է

hasmikdilanyan
Օպտիմալցումն ու ՊՈԱԿ-ների լուծարումը շարունակվում է: Կառավարության որոշմամբ կլուծարվի ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ը: Կստեղծվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գների ուսումնասիրության և վերլուծության գործակալություն: Նախագծի հիմնավորման համաձայն, այժմ «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ունի 36 հաստիքային միավոր, իսկ վերջինիս պահպանման տարեկան ծախսերը պետական բյուջեից տրամադրվող դրամաշնորհներով կազմում են շուրջ 80 մլն ՀՀ դրամ:

Նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում կստեղծվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Գների ուսումնասիրության և վերլուծության գործակալություն՝ 15 հաստիքով:

Արդյունքում, պետական կառավարման մարմնին վերապահված գործառույթը կիրականացվի 15 հաստիքային միավորի հաշվին՝ 36-ի փոխարեն, ինչն էլ իր հերթին կհանգեցնի պետական բյուջեի ծախսերի նվազեցման:

ՊՈԱԿ-ի լուծարման արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կնվազեն մոտ 50 մլն ՀՀ դրամով: Բացի այդ, կրկին կառավարության որոշմամբ կլուծարվի «Էկոնոմիկա հանդես» փակ բաժնետիրական ընկերությունը: Հիմնավորման համաձայն, Էկոնոմիկա հանդես» ի հիմնական գործառույթը առցանց տարբերակով /armef.com կայքի միջոցով/ տնտեսական, գիտական և վերլուծական հրապարակումներ թողարկելն է:

Կայքը ներկայացնում է ՀՀ կառավարության՝ տնտեսությանն առնչվող որոշումները, օրենսդրական նախաձեռնությունները, հաստատած ծրագրերը, ռազմավարությունները, մեկնաբանում է դրանց բովանդակությունը, ինչպես նաև կայքը հանրությանը տրամադրում է տեղեկատվություն միջազգային կառույցների վերլուծությունների, համաշխարհային տնտեսության վերաբերյալ և մեկնաբանում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների վարկանիշային վերլուծությունները:

«Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ն գործառույթները իրականացնում է 12 հաստիքային միավորների միջոցով: Պետական բյուջեից յուրաքանչյուր տարի տրամադրվում է 99312.5 հազար դրամ /2016թ./ սուբսիդիա: Աշխատավարձը կազմում է սուբսիդիայի գումարի 46.5%-ը, իսկ այլ ծախսերը՝ 53.5%-ը: «էկոնոմիկա հանդես» փակ բաժնետիրական ընկերության լուծարման արդյունքում` վերջինիս կողմից իրականացվող գործառույթները կիրականացվեն ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջոցով:

Կդադարեցվի նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը, արդյունքում, կտնտեսվեն ՀՀ պետական բյուջեի միջոցները, թե որքան՝ նշված չէ:

Back to top button