Հասարակություն

19 տարիների թողած վառ հիշողություններ. Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանը 20 տարեկան է

arminegevorgyan

Արցախի հերոս, ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան:  Եռաբլուր պանթեոնում Ռոբերտ Աբաջյանի հիշատակի տուրք մատուցելու էին եկել Ռոբերտին ճանաչողներն ու չճանաչողները: Եռաբլուրում էին նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, պաշտպանության նախարարության այլ  ներկայացուցիչներ: Այսօր նաեւ Երևանի  հ.147 հիմնական դպրոցի ռազմագիտության դասասենյակն անվանակոչվել է կրթօջախի նախկին սան, Ռոբերտ Աբաջյանի անունով: 

 

robert_abajyan_02«Հրամանատար,  մենք այս դիրքը արյունով պահեցինք, ով հանձնի այն…». սրանք Արցախի  հերոս քսանամյա Ռոբերտ Աբաջյանի խոսքերն են:  Այսօր հերոսը կդառնար 20 տարեկան.

Արաբկիր 45 փողոցի առաջին տանն են  բնակվում Աբաջյանները: Տանն անսովոր իրավիճակ էր: Դեռ գիշերվանից  Աբաջյանները ծանոթ ու անծանոթ  մարդկանցից ստանում են շնորհավորանքներ։ Ռոբերտի հայրը բոլոր ներկաներին հորդորում էր չտխրել և  բաժակ բարձրացնել  ու շնորհավորել հերոս որդու ծննդյան  օրը, սակայն  նույն պահին  փախցնում է հուզված հայացքը։

Ռոբերտի տատիկը՝ տիկին Անահիտ  Գևորգյանը   «Ռադիոլուր»-ին  պատմում է՝ Ռոբերտը շատ էր սիրում իր ծննդայն օրը, ու դեռ փոքրուց առիթը բաց չէր թողնում այն  նշելու համար: Ռոբերտն իր ապրած 19 տարիներին թողեց այնքան հիշողություններ, վառ էջեր, որ երևի 50- 60 տարեկան որոշ մարդիկ են թողել:

Պատրաստակամ, բոլորին օգնող Ռոբերտը, հարազատների պատմելով, անընդհատ շտապում էր՝ կյանքում հնարավորինս շատ բան հասցնելու համար: Նա մշտապես շարժուն երեխա էր, ու, եթե վնաս էր տալիս, ապա միայն ինքն իրեն, մեկ տարեկանում հոնքի վրա արդեն երեք սպի ուներ՝ հիշում է  մայրը՝ տիկին Աննան։

Այս ընտանիքում կյանքը բաժանվել է երկու մասի՝ կյանքը  ապրիլի 2- ից առաջ և հետո: Հիմա ամեն ինչ Ռոբերտի շնչով է ողողված: Տատիկը, ով Ռոբերտի դասղեկն է  եղել, ասում է, որ շատ խիստ է  եղել նրա նկատմամբ, քանի որ նա անհանգիստ  ու շարժուն երեխա էր։

Կպատկերացնեի՞ք որ նա կգնար նման քայլի.  Ռոբերտի ծնողներին, տատիկին ու բարեկամներին շատ են այս հարցը ուղղել։ Ռոբերտի հորաքույրը  մանրամասն  նկարագրում է եղբորորդու սխրանքը ,որը  նրան պատմել են ծառայակիցները: «Ասում են, որ երբ տեսել է՝ կողքը ընկերները չկան, ձեռքերը վեր է բարձրացրել ու առաջ գնացել՝ իբր հանձնվում է հակառակորդին: Բայց երբ մոտեցել են, վերջին պահին պայթեցրել է իր մոտ եղած նռնակը, հետն էլ 10 ազերի սպանել: Իր խառնվածքը իմանալով՝ գիտեինք, որ ինքը փախչող, խուսափող տեսակ  չէր»:  Իսկ տատիկն էլ  պատմում է, որ երբ լսել է կապիտան Ուրֆանյանի սխրանքի մասին, հպարտություն զգացում է  ապրել, որ նման երիտասարդներ կան մեր երկրում, հետո հաջորդ լուրն է լսել, որ  նման երիտասարդ  իրենց ընտանիքում էլ  է մեծացել:

Ռոբերտի հրամանատարն է եղել Արցախում հերոսաբար զոհված Արմենակ Ուրֆանյանը, ով հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հրամայել է հեռանալ: Հրամանատարի հետ են մնացել նրա երեք զինվորները՝ Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը  և Անդրանիկ Զոհրաբյանը։

19-ամյա Ռոբերտ Աբաջյանն առաջինն է, ով, կրտսեր սերժանտ լինելով, բարձրագույն կոչման արժանացավ: Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար 2016 թվականի մայիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արցախի հերոս» ԼՂՀ  բարձրագույն կոչմամբ և «Ոսկե արծիվ» շքանշանով։

 

Կարդացեք նաև

Back to top button