Հասարակություն

Ուսանողների համար գլխավորը մնում է աշխատանքի խնդիրը

sonahakobyan

Ուսանողության միջազգային օրվան ընդառաջ ուս.կառույցների ներկայացուցիչների հետ է հանդիպել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Հանդիպման ընթացքում ուսխորհուրդների ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք հարցեր և առաջարկներ: Կարևորելով ուսանողների հետ հանդիպումը՝ ԿԳ նախարարը նախ շնորհավորել է միջազգային օրվա կապակցությամբ, ապա հաշվի առնելով ներկա սերնդի իրավագիտակցությունն ու նպատակասլացությունը՝ նկատել է, որ մեր երկրի ապագան իսկապես վստահելի ձեռքերում է: Հանդիպման ընթացքում մի շարք ուսանողներ արժանացել են ԿԳՆ պարգեւների։

 

Նոյեմբերի 17- ին նշվում է Ուսանողության միջազգային օրը։ Այն նշում են աշխարհի տարբեր երկրներում: Օրվան ընդառաջ ամեն տարի միջոցառումների շարք է իրականացնում նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Եթե տարիներ առաջ ուսանողական վարձավճարների փոխհատուցման ծրագրի մասին խոսելը երազանք էր թվում, այսօր արդեն կրթաթոշակների փոխհատուցում է ստանում ավելի քան 500 հազար ուսանող:

Եթե տարիներ առաջ երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելը անիրական էր թվում, այսօր արդեն բազմաթիվ ընտանիքներ այս ծրագրի շահառու են՝ նկատեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:

Այսօր էլ երիտասարդների խնդիրներով զբաղվող կառույցի օրակարգում ուսանողական կառույցների ներկայացուցիչների հանդիպումն էր ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ: Նախարարի հետ հանդիպումից մեծ են հատկապես ուսխորհուրդների ներկայացուցիչների սպասելիքները: Կարևորագույն խնդիրներից Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Նելլի Ազիզյանն առանձնացրեց ուսանողների հետագա զբաղվածության խնդիրը:

Ուսանողների հետ հանդիպումը կարևորում է նաև նախարարն ինքը: Հաշվի առնելով ներկա սերնդի իրավագիտակցությունն ու նպատակասլացությունը՝ Լևոն Մկրտչյանը նկատեց, որ մեր երկրի ապագան իսկապես վստահելի ձեռքերում է: Իսկ նմանատիպ հանդիպումները նպաստում են խնդիրների բարձրաձայնմանը: «Չենք կարող ասել, որ ուսանողության սոցիալական հարցերը լուծված են: Հայաստանում ամենամեծ խնդիրը հանրակացարանների խնդիրն է, որակյալ կեցության պայմանները, աշխատանքի պայմանները: Աշխատաշուկա ուսանող կապը շատ կարևոր է հատկապես մագիստրատուրայի ձևաչափով:  Տպավորություն է, թե ուսանողը պետք է անընդհատ սովորի, վերջում ավարտի ուսումը: Բակալավրից դեպի աշխատաշուկա, հետո աշխատաշուկայից դեպի մագիստրատուրա՝ մեր առաջիկա բարեփոխումների հիմքում է»,- ասաց նախարարը:

Հանդիպման ընթացքում մի շարք ուսանողներ տոնին ընդառաջ պարգևատրվել են նախարարի կողմից:

Back to top button