

«ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակներում այսօր մեր երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներն այցելել են Հայաստանի խաղաղապահ բրիգադ, ծանոթացել զորամասի ստեղծման պատմությանը, այստեղ կատարված եւ տարվող աշխատանքներին ու առօրյային:
Խաղաղապահ բրիգադ նման այցերը վաղուց ավանդույթ են: Հայաստանի խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատարը 2007 թվականից գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանն է: Նա ասաց, որ միշտ էլ հաճույքով են ընդունում ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների ներկայացուցիչներին եւ ծանոթացնում զորամասի առօրյային ու կատարվող աշխատանքներին, քննարկում հետաքրքրող հարցերը, լսում նաեւ կարծիքներ ու դիտարկումներ հայ խաղաղապահների ու ընդհանրապես մեր երկրի խաղաղապահ բրիգադի մասին:
Դա ամենաբարձր գնահատականն է խաղաղապահ գործողություններին մասնակցության առաջին օրվանից մինչեւ այսօր՝ հավելեց բրիգադի հրամանատարը: Նրա փոխանցմամբ՝ այս պահին հայ խաղաղապահների 2 զորախումբ՝ 56 եւ 65 խաղաղապահներով, տարբեր բազաներում առաքելություն են իրականացնում Աֆղանստանում: 35 հոգանոց մի խումբ էլ Կոսովոյում է գտնվում, իսկ Լիբանանում էլ առաքելություն իրականացնում է 32 հայ խաղաղապահ: Այն նաեւ լիբանանահայ համայնքի հպարտությունն է: Արթուր Սիմոնյանը չբացառեց, որ Լիբանանում գտնվող զորախմբի թիվն ավելանա:
Հայաստանում Գերմանիայի ռազմական կցորդ Մայքլ Բեսթմանը, մեզ հետ զրույցում կիսելով իր տպավորությունները, անկեղծացավ՝ ասելով, որ թեպետ նոր է ինքը նշանակվել որպես ռազմական կցորդ Հայաստանում, սակայն արդեն հասցրել է շատ տպավորվել ինչպես հայկական զինված ուժերով, այնպես էլ խաղաղապահ բրիգադով:
«Ես այսօր այստեղ են ՆԱՏՕ-ի շաբաթին մասնակցելու համար: Ես իսկապես գոհ եմ Հայաստանի իշխանությունների և հատկապես ՊՆ-ի և խաղաղապահ բրիգադի հետ համագործակցությունից: Հայկական խաղաղապահ բրիգադը 2010-ից մասնակցում է Աֆղանստանում ընթացող խաղաղապահ առաքելություններին և մենք շնորհակալ ենք Հայաստանի այդ աջակցության համար»:
ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների ներկայացուցիչները պարբերաբար ցանկություն են հայտնում, որ համագործակցությունը ավելի ընդարձակվի եւ խորանա, ու հայ խաղաղապահ զորախմբերի թիվը զուգահեռ ավելանա: Այդ հարցով այսօր հետաքրքրվեցին նաեւ գործընկեր երկրների ռազմական կցորդները: Արթուր Սիմոնյանն ասաց, որ անհրաժեշտության դեպքում դրան խաղաղապահ բրիգադը լիովին պատրաստ է:




