Հասարակություն

Հայաստանը՝ ինտերնետում ազատ երկրների շարքում

Ամերիկյան Freedom House կազմակերպությունը հրապարակել է ինտերնետում ազատ երկրների 2016 թվականի վարկանիշային աղյուսակը։ 2015- ի հունիսից մինչեւ 2016- ի մայիսը կազմակերպության փորձագետները ուսումնասիրել են 65 երկրներում ինտերնետի ազատությունը։ Այս երկրներում ապրում են աշխարհի ինտերնետ- օգտատերերի 88 տոկոսը։ Հետազոտության ժամանակ հաշվի է առնվել  երեք չափանիշ՝ ինտերնետի հասանելիությունը, հրապարակման սահմանափակումը (այստեղ նկատի ունեն կայքերի արգելափակում եւ իշխանությունների կողմից այս կամ այն կոնտենտը հեռացնելու պահանջը) եւ օգտատերերի իրավունքների խախտումը (այստեղ նկատի է առնվում նաեւ օրենսդրական սահմանափակումը, ինտերնետում ակտիվության համար նախատեսված պատասխանատվությունը, ինչպես նաեւ հրապարակման համար հետապնդումը իշխանությունների կամ նրանց աջակիցների կողմից)։

Ըստ վարկանիշի՝ ազատ ինտերնետ ունեցող երկրների ցուցակը գլխավորում են Էստոնիան եւ Իսլանդիան։ Ազատ երկրների ցուցակում են նաեւ Կանադան, ԱՄՆ, Գերմանիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Հունգարիան, Քենիան, ինչպես նաեւ Վրաստանն ու Հայաստանը։

Մեր հարեւան երկրները՝ Իրանն ու Թուրքիան ճանաչված են ինտերնետի համար ոչ ազատ, իսկ Ադրբեջանը՝ մասամբ ազատ երկիր։

ԵՏՄ մեր գործընկերները՝ Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը ճանաչվել են ոչ ազատ, իսկ Ղրղզստանը՝ մասամբ ազատ երկիր։

Back to top button