

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն իր պատգամավորություն տարիներին երբեք աշխատավարձ չի ստացել, սակայն դա եղել իր ցանկությունը: Առաջին իսկ օրվանից դիմում է գրել, որպեսզի աշխատավարձը փոխանցվի ԼՂՀ պաշտպանության բանակին։ Վերջինս հորդորում է այսօրվա պատգամավորներին հետևել իր օրինակին. Բայց և շեշտում՝ ես այն ժամանակ հարուստ էլ չէի, ընդդիմություն էի ու բոթասներով էի գնում աշխատանքի։ «Թող պատգամավորները, որոնցից շատերը միլիոնատերեր են եւ այդ աշխատավարձի կարիքը չունեն՝ փոխանցեն դրանք ֆոնդին»,- ասում է։
Գրականություն ու արվեստի ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դևրիկյանն էլ այլ առաջարկով է հանդես գալիս: Նա ասում է, որ այս գործընթացին Սփյուռքն էլ պետք է իր մասնակցությունը ցուցաբերի, հատկապես նրանք, ովքեր երկքաղաքացի են: Օրինակ՝ երկու ամիսը մեկ 5 դոլար փոխանցեն այդ ֆոնդին:
Լրագրողների դիտարկմանը, թե խոսքը ոչ թե 1000 դրամ չտալու մասին է, այլ իշխանություններին հասարակությունը չի վստահում ու հակված է մտածելու, որ այդ գումարները նպատակին չեն ծառայելու՝ Դևրիկյանը նշեց. «Մենք թուրքերին չենք կարող ասել՝ սպասեք մինչ վստահությունը վերականգնենք: Չեմ կարծում, թե այդ գումարները տեղ չեն հասնի: Սա այն փողը չէ, որը կուտվի»։
Ի դեպ՝ գրականագետին զարմացրել է նաև, թե ստեղծված իրավիճակում ինչպես կարելի է 50 միլիոն դրամ տրամադրել Բանակի օրվան նվիրված համերգին: Հիշեցենք, որ մամուլը հրապարակեց տեղեկատվություն, թե հունվարի 28- ին Բանակի օրվան նվիրված համերգային միջոցառմանը ծախսվելու է 50 մլն դրամ:
Իսկ ահա գրող, հրապարակախոս Մերուժան Տեր- Գուլանյանը համամիտ է վստահություն պակասի հետ, բայց և չի էլ կասկածում, որ կգտնվի մի հայ, որը չի ցանկանա տալ այդ 1000 դրամը։ «Այո, այդ հազար դրամը պիտի տալ: Երանի չէ՞ր՝ 100 տարի առաջ այդ 1000 դրամները հավաքվեին, որ ազգը միավորվեր եւ Արևմտյան Հայաստանը այսօր Թուրքիայում չլիներ։ Բոլորդ էլ սրճարան գնում եք, չէ՞: Սրճարանում մեկ գավաթ սուրճն այսօր արժե 1000 դրամ: Ենթադրենք, ամիսը մեկ գավաթ սուրճ պակաս ես խմում»,- ասաց նա:
Հրապարակախոսը հավելեց՝ այդ ձևով իրականացվող դրամահավաքը միավորում է ազգը ու միանգամայն տեղավորվում է Ազգ -բանակ կապի համատեքստում։




