Քաղաքական

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները վստահելի եւ երկարաժամկետ են

karenghazaryan

Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունները վստահելի եւ երկարաժամկետ են: Այս գնահատականն այսօր հնչեցվել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանից հրապարակված տեսաուղերձում: Այն լրագրողներին ներկայացվել է Երեւանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում կայացած այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ: Ասուլիսի առիթը Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա մեկնարկն է: Այն տեւելու է մինչեւ նոյեմբերի 18-ը եւ ուղեկցվելու է տարբեր միջոցառումներով: «Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա» հիմնական նպատակը Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին հասարակությանը տեղեկություններ փոխանցելն է:

Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերություններ հաստատվել են 92 թվականից: 94-ին արդեն Հայաստանը պաշտոնապես միացել է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, որի շրջանակներում էլ զարգանում են հարաբերությունները: ՆԱՏՕ-ի հերթական շաբաթը մեր եկրում հոբելյանական է: Այն անցկացվում է արդեն 10-րդ անգամ: Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը կարծում է, որ նման շաբաթ անցկացնելը հնարավորություն է տալիս մի շարք փոխադարձ հետաքրքրություն ունեցող կարեւոր հարցեր եւս մեկ անգամ քննարկել ու ի մի բերել:

Մաթիաս Քիսլերի ձեւակերպմամբ՝  քննարկումները, սակայն, չպետք է սահմանափակվեն միայն փորձագետներով:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյունն ասաց, թե իր տպավորությամբ ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության դերը հասարակության կողմից լիովին չի ընկալվում, ուստի նման միջոցառումները կարող են բարձրացնել իրազեկվածությունը: Այդ նպատակով միջոցառումներ կանցկացվեն նաեւ մարզերում: Ուիլյամ Լահյուն ձեւակերպմամբ՝ կարեւոր է գործընկերություն առանցքը եւ ՆԱՏՕ-ի համար գործընկերություն նշանակում է փոխադարձ մտահոգություն եւ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ աշխատանք:

«ՆԱՏՕ-ն անշուշտ հասկանում է Հայաստանի ժողովրդի վրա շարունակական կոնֆլիկտների թողած լուրջ ազդեցությունը: Թեեւ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն եւ ակտիվորեն ներգրավված չէ կոնֆլիկտներից եւ ոչ մեկում, այդուհանդերձ, մենք ակտիվորեն փորձում ենք մեր գործընկերների հետ քաղաքական օժանադակություն տրամադրել այն հաստատություններին, որոնք գործում են հանուն խաղաղության այդ տարածաշրջաններում»:

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի տեղակալ Մհեր Իսրայելյանը հակիրճ անդրադարձավ ՆԱՏՕ-ի հետ ռազմական եւ պաշտպանական ոլորտի համագործակցությանը՝ այն գնահատելով որպես փոխադարձ վստահելի գործընկերություն:

«Շատ արդյունավետ ձեւով համագործակցում ենք Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Հայաստանն այս տարիներին շատ վստահելի գործընկեր է եղել Դաշինքի համար: Դաշինքը նույնպես Հայաստանի համար շատ վստահելի գործընկեր է եղել»:

Համագործակցություն է եղել տարբեր ուղղություններով: Դրանցից են համատեղ խաղաղապահ առաքելությունը, զորավարժանքներն ու դասընթացների անցկացումը, պաշտպանական ոլորտի բարեփոխումները, որոնցում գնահատելի խորհրդատվական դեր են ունենում ՆԱՏՕ-ի փորձագիտական խմբերը՝ տեղեկացրեց Մհեր Իսրայելյանը:

ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանի խոսքով՝ ՆԱՏՕ-ի շաբաթն օգնում է ամենատարբեր միջոցառումների միջոցով լայն հանրությանը ներկայացնելու ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության որոշ ասպեկտներ.

«Ամենազգայուն եւ ամենահետաքրքիր միջոցառումներից մեկը, դա հեռուստակամուրջն է, որը ավանդաբար մենք կազմակերպում ենք հայ խաղաղապահների եւ նրանց ընտանիքների համար: Ներկայումս մենք ունենք 121 զինվոր Աֆղանստանում»:

«ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման շրջանակներում այսօր նաեւ անցկացվել է քննարկում «Կանայք զինված ուժերում» խորագրով: Միջոցառման ժամանակ տեղի է ունեցել «Կինը եւ բանակը. մարտահրավերներ, հիմնախնդիրներ, հնարավորություներ» գրքի շնորհանդեսը: ՆԱՏՕ-ի շաբաթը կավարտվի նոյեմբերի 18-ին ԵՊՀ-ում անցկացվելիք քննարկմամբ:

Back to top button