Հասարակություն

Դեկտեմբերի 3-ը` Աստուածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր

sb-geghard2015 թուականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադէոս եւ Ս. Բարդուղիմէոս առաքեալների տօնը հռչակուել է Աստուածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր` ի գոհացումն բարեպաշտ հայորդեաց եւ օտարազգի ուխտաւորների:

Այս տարի առաքեալների տօնին` դեկտեմբերի 3-ին, Ս. Գեղարդը կը բերուի Մայր Տաճար:

Սիրով հրաւիրում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին մասնակցելու Հայոց առաջին լուսաւորիչներ Ս. Թադէոս եւ Ս. Բարդուղիմէոս առաքեալների տօնի առիթով մատուցուող սուրբ եւ անմահ Պատարագին եւ ստանալու հրաշագործ Ս. Գեղարդից բաշխուող օրհնութիւնն ու շնորհները:

Ս. Գեղարդը Մայր Տաճարում կը մնայ մինչեւ նոյն օրուայ ուշ երեկոյ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

Աստուածամուխ Սուրբ Գեղարդ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է պահւում համաքրիստոնէական սրբութիւններից մէկը՝ Աստուածամուխ Ս. Գեղարդը, որով նաեւ օրհնւում է Հայոց Եկեղեցու Սրբալոյս Միւռոնը:

Սուրբ Գեղարդն այն նիզակի ծայրն է, որով հռոմէացի զօրականը՝ Ղունկիանոս հարիւրապետը, խոցեց մեր Տէր Յիսուս Քրիստոսին` խաչի վրայ: Ս. Աւետարանը վկայում է. «Երբ եկան Յիսուսի մօտ եւ տեսան, որ նա արդէն մեռած էր, նրա սրունքները չկոտրեցին, այլ զինուորներից մէկը տէգով խոցեց նրա կողերը, եւ իսկոյն արիւն եւ ջուր ելաւ» (Հռոմ. 19:33-34):

Հայոց Եկեղեցու սրբազան աւանդութեան համաձայն, Տէրունի այս սրբութիւնն Ա դարում Հայոց աշխարհ է բերել Քրիստոսի 12 աշակերտներից Ս. Թադէոս առաքեալը: Համաքրիստոնէական այդ սրբութիւնը դարեր շարունակ պահուել է պատմական Հայաստանի տարբեր վանքերում, իսկ ԺԳ դարից՝ Այրիվանքում, որը յետագայում ի պատիւ Ս. Գեղարդի կոչուել է Գեղարդաւանք: ԺԸ դարի երկրորդ կէսին Ս. Գեղարդը բերուել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ մինչ օրս պահւում է հանուր հայութեան հոգեւոր կենտրոնում:

Համաձայն պատմական տեղեկութիւնների, Աստուածամուխ Ս. Գեղարդն իր հրաշագործ զօրութեամբ փարատել է հոգեկան ու մարմնական հիւանդութիւններ: Եւ այդ նպատակով՝ ԺԸ-ԺԹ դդ. ընթացքում Ս. Գեղարդը մի քանի անգամ տարուել է Հայաստանի որոշ գաւառներ, նաեւ՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի:

Back to top button