ԿարևորՔաղաքական

Վաշինգտոնը կշարունակի աշխատել ԼՂ հակամարտող կողմերի հետ.

Միացյալ Նահանգները վերահաստատում է իր վճռական աջակցությունը ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահներին ու բարձր է գնահատում կողմերի հետ փոխգործակցությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու առումով։ Այսօր նման հայտարարություն է արել ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Դանիել Բայերը։

«ԱՄՆ-ն մտահոգված էր շփման գծում բռնության աճով ու տեղ գտած բռնությունների վերաբերյալ տեղեկություններով»,- ասել է Բայերը։ Նա նշել է, թե որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ն , անհապաղ քայլեր է ձեռնարկել լարվածությունը մեղմելու համար։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հանդես էր եկել Վիեննայում մայիսի 16-ին «3+2» հանդիպումը կազմակերպելու նախաձեռնությամբ, այսպիսով ընդունելով, որ Միացյալ նահանգների, Ռուսաստանի ու Ֆրանսիայի համատեղ ջանքերը ամենաբարձր մակարդակում կարող են օգնել կողմերին վերջ դնել բռնություններին ու շարունակել կարգավորման խաղաղ գործընթացը։ «Բարձր մակարդակով հանդիպումը զգալի արդյունքներ էր տվել։ Կողմերը հաստատել էին իրենց հարգանքը հրադադարի հանդեպ, ու իրավիճակը շփման գծում զգալիորեն կայունացել էր»,- ասել է դեսպանը։

Միաժամանակ, նա հակամարտող կողմերին կոչ է արել աջակցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատը ընդլայնելուն ու սկսել աշխատել հետաքննությունների մեխանիզմների ստեղծման մասին առաջարկության շուրջ։ «Միացյալ Նահանգները աջակցում են հայերի ու ադրբեջանցիների միջեւ վստահության ամրապնդմանն ու երկխոսության ընդլայնմանն ուղղված միջոցառումներին, ինչը կարող է օգնել կայունացնել իրավիճակը անվտանգության տեսակետից ու ավելի կառուցողական մթնոլորտ ստեղծել բանակցությունների համար։ ՄԻացյալ Նահանգները բարձր է գնահատում Գերմանիայի նախագահության ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի, դեսպան Անջեյ Կասպրշիկի սերտ համագործակցությունը, նրանց աջակցությունը համանախագահների միջնորդական ջանքերին ու տեղում իրավիճակի կայունացմանը»,- ասել է Բայերը։

«Մենք կիսում ենք կողմերի հիասթափությունն այն հարցում, որ հակամարտությունը շատ երկար է ձգվում։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, Միացյալ Նահանգները առաջվա պես խորապես հանձնառու է, ինչպես դեսպան Ուորլիքը շեշտեց այսօր առավոտյան, աշխատել կողմերի հետ , որպեսզի ապահովվի հակամարտության ամուր ու խաղաղ կարգավորումը»,- նշել է ԱՄՆ ներկայացուցիչը։

Կարդացեք նաև

Back to top button