Հասարակություն

Այսօր բացվել է Նորքի տուն- ինտերնատի վերանորոգված հատվածը

lenabadeyan

Այսօր պետության հովանավորության ներքո Հայաստանում գործում է 3 տուն-ինտերնատ՝ չհաշված մասնավոր սկզբունքով գործողները: Նորքի տուն- ինտերնատը ընկերների պակաս չունի։ Վերջերս այն հայտնվել է <<Բարի գալուստ Հայաստան>> դիվանագիտական ասոցիացիայի եւ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի տիկնոջ ուշադրության կենտրոնում:

 

Ինչ է իրենից ներկայացնում Skype- ը՝ Լյովա Հովսեփյանը դեռ չգիտի, բայց վճռական է օգտվելու համար Նորքի տուն-ինտերնատում բացված նոր սենյակից։ Այստեղ տուն-ինտերնատի բոլոր բնակիչների համար ստեղծվել են պայմաններ՝ կապ հաստատելու օտար երկրներում գտնվող իրենց զավակների, հարազատների եւ բարեկամների հետ:

Երկու տարի է, ինչ Լյովա պապիկը Ագարակից տեղափոխվել է Երեւանի տուն-ինտերնատ: Ասում է՝ որոշումն իրենն էր, վախ չկար, բայց սկզբում անտեղյակությունն իրեն զգացնել էր տալիս: Այժմ արդեն չի զղջում որոշման համար:

Լյովա Հովսեփյանն այսօր տուն-ինտերնատի եւ հյուրերի ուշադրության կենտրոնում էր: Նրան հաջողվեց հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանին ներկայացնել իր ձեռքի աշխատանքները: Տարբեր տեսակի թափոնները՝ ավազից, քարից եւ այլ անպիտան նյութեր պապիկի ձեռքին վերածվում են տարբեր հեքիաթների պատկերներ: Լյովա պապիկի աշխատանքներից մեկն այսուհետ զարդարելու առաջին տիկնոջ տան անկյուններից մեկը:

Տուն- ինտերնատի մյուս հայտնի բնակիչներից է Ներսես Մարգարյանը: Նա արդեն 6 տարի է բնակվում է այստեղ: Եթե շենքի առաջին հարկից լսվում է յուրատեսակ <<չխկոց>>, ուրեմն Ներսես պապը բիլիարդ է խաղում, բոլորն արդեն դա գիտեն։ Նրան դժվար է հաղթել, թեեւ ասում է, որ լուրջ մրցակիցներ արդեն ունի:

Նորքի տուն-ինտերնատում այսօր բազմամարդ էր: Ներկայացվում էր շենքի վերանորոգված հատվածը: Փոխվել են առաջին հարկի բոլոր դռներն ու պատուհանները՝ ջերմությունը պահելու նպատակով, ստեղծվել են նոր կաբինետներ՝ բուժկետ եւ <<Skype>>-ի սենյակ, հիմնանորոգվել է ճաշարանը: Այս ամենն արվել է արտգործնախարարությանը կից գործող <<Բարի գալուստ Հայաստան>> դիվանագիտական ասոցիացիայի նախաձեռնությամբ եւ Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության ֆինանսական աջակցությամբ: Դեսպանի կինը՝ Ջան Ին Մեյը շրջայցից հետո գոհ մնաց կատարված աշխատանքից: Ասում է, որ Հայաստանի եւ Չինաստանի ժողովուրդները շատ ընդհանրություններ ունեն թե մշակույթում, թե կենցաղում: Որպես օրինակ բերում է տարեցներին հարգելու ավանդույթը եւ տուն- ինտերնատի վերանորոգման աշխատանքներին աջակցելու որոշումը բացատրում է շատ պարզ. <<Տարեցները շատ են աշխատել, դաստիարակել են իրենց զավակներին, ընտանիքի եւ հանրության համար շատ բան են արել ու վաստակել արժանապատիվ ծերության իրավունք>>:

Ի դեպ, այսօր պետության հովանավորության ներքո Հայաստանում գործում է 3 տուն-ինտերնատ՝ չհաշված մասնավոր սկզբունքով գործողները: Նորքի տուն- ինտերնատը նախատեսված է 230 տարեցի համար: Այս պահի դրությամբ ազատ տեղեր ինտերնատում չկան:

Back to top button