

Վարչապետ Կարեն Կարապետյանը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հորդորեց հատուկ ուշադրություն դարձնել զորակոչն արդար պայմաններում անցկացնելու հարցին:
«Պարոն Սարգսյան, մենք Ձեզ հետ զրուցել ենք զորակոչվելու հետ կապված հարցերի մասին, մասնավորապես, արդար պայմանների, որի մասին խոսել եմ նաև Լեռնային Ղարաբաղ այցի ժամանակ՝ հարցազրույցի ընթացքում: Խնդրում եմ դրան հատուկ ուշադրություն դարձնել»,- ասել է վարչապետը:
Պաշտպանության նախարարը նշել է.«Անպայման պարոն վարչապետ, դա, ինչպես կառավարության ծրագրում է նշված, առաջնահերթություններից մեկն է և իրոք շատ բան կա անելու այդ ուղղությամբ»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ այդ ճանապարհը հաղթահարելու են:
Հիշեցնենք, Տիգրանակերտում լրագրողները վարչապետին հետաքրքրվել էին, թե արդյոք պաշտոնյան նկատե՞լ է, որ առաջնագծում ծառայում են հիմնականում անապահով ընտանիքների երեխաները:
Կարեն Կարապետյանը նշել էր, որ դիրքեր այցի ժամանակ դա չի նկատել, բայց լսել է, որ նման վիճակագրություն կա:
«Կարծում եմ, որ այդ վիճակագրությունն անարդարացի է, եթե դա այդպես է: Մենք գրել ենք մեր ծրագրում, մենք ասել ենք, թե ինչ նպատակներ ունենք, ասել ենք, որ մեր հասարակության մեջ ամենամեծ դեֆիցիտն անարդարության դեֆիցիտն է: Բազմիցս ֆիքսել ենք, գուցե կրկնվում եմ, որ մեր ազգի լավագույն հատկություններից մեկը՝ գրգռված ըմբոստությունն է անարդարությանը: Եթե դա իրոք այդպես է, ապա մեր Պաշտպանության բանակի հրամանատարները, մենք՝ բոլորս, դրա մասին մտածելու և այն ուղղելու անհրաժեշտություն ունենք»,- ասել է կառավարության ղեկավարը:




