

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի մոտ երեք տարի տևած վերանորոգման աշխատանքներն ավարտված են: Թանգարանը համապատասխանեցվել է ժամանակակից պահանջներին ու ապահովվել անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ այցելուներին որակյալ սպասարկելու և գիտական ու կրթական ծրագրեր իրականացնելու համար: Կատարված աշխատանքի արդյունքն այսօր գնահատել են երկրի նախագահն ու մշակույթի ոլորտի պատասխանատուները: Նշենք, որ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը Երևանում բացվել է 1967 թվականին՝ նկարչի կենդանության օրոք: Թանգարանի շենքը բաղկացած է 1932 թվականին կառուցված երկհարկանի առանձնատնից և այդ տանը կից 1967-ին կառուցված եռահարկ պատկերասրահից: Սարյանի տան հատակագծի հեղինակն է Ալեքսանդր Թամանյանը, թանգարանային հատվածը կառուցվել է Մարկ Գրիգորյանի նախագծով:
<<Հեքիաթն այսօր, իսկապես, դարձավ իրականություն: Թանգարանի 50-ամյակի շեմին մենք ստացանք մի բացառիկ նվեր Հայաստանի կառավարությունից ու նախագահից: Դա Սարյանի թանգարանի արդիականացված շենքն է, որն ունի բոլոր այն հարմարությունները, որոնց մասին երազում էինք և թվում էին անիրական>>, – ասում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզաննա Սարյանը:
Վերաբացումից հետո այցելուներին առաջին անգամ հասանելի կլինի նաև այն տարածքը, որտեղ ապրում էր Մարտիրոս Սարյանը, այսինքն՝ թանգարանի ոչ աշխատանքային հատվածը՝ շեշտում է նա։
Նոր հարկաբաժին, թանգարանների համար նախատեսված ջեռուցման, օդափոխության, ինչպես նաև հակահրդեհային համակարգեր: Գրադարանային նոր տարածք, որը հետագայում կծառայի որպես գիտական կենտրոն: Վերելակ՝ նախատեսված մասնավորապես տեղաշարժի խնդիր ունեցող այցելուների համար:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով՝ թանգարանի հիմնանորոգման ընթացքում կարևորվել է նաև տնտեսական բաղադրիչը: <<Թանգարանում կգործի սրճարան, որը կդառնա կարևոր հանգույցներից մեկը: Տնտեսական բաղադրիչի աշխուժացմամբ՝ մենք փորձելու ենք ակտիվացնել հասարակության, մասնավորապես, երիտասարդների ու դպրոցականների հոսքը դեպի թանգարան>>,- ասում է նախարարը։
Նման հարստություն թանգարանում երբևէ չի ցուցադրվել՝ մաեստոր Տիգրան Մանսուրյանն է վստահեցնում: Մարդ, որը Սարյանների ամենասիրելի հյուրերի թվում էր: Հարստությունն իր ժողովրդին պահ տված Վարպետն այսօր ունի իրեն արժանի թանգարան, որի համար մեծ միջոցներ են ներդրվել:
Թանգարանի վերանորոգման և վերազինման նպատակով պետական միջոցներից տրամադրվել է շուրջ 460 միլիոն դրամ, ևս 55.5 միլիոն դրամ տրամադրվել է արտաբյուջետային միջոցներից: Նա սովորեցրեց մեզ Հայաստանը տեսնել այնպիսին, ինչպիսին իր կտավներում էր այն՝ տաք, լուսեղ ու գունավոր: Սարյանի կտավների տաքությունն այսօր աշխարհին է պետք:




