

Նոյեմբերի 8-ը Որակի համաշխարհային օրն է: Այն սահմանվել է 1991 թվականին` Որակի Եվրոպական կազմակերպության կողմից: Օրվա ամրագրումն ինքնանպատակ չէ: Այն միտված է եւս մեկ անգամ շեշտելու որակի կարեւորույթունն արտադրությունում, ու ընդհանրապես բոլոր տեսակի ծառայությունների իրականացման մեջ: Հայաստանում որակի հետ կապված խնդիրներ կան եւ հագուստի, եւ շինանյութի, եւ ընդհանրապես բոլոր ոլորտներում: Սակայն, ինչպես վստահեցնում են, սպառողական շուկայի պատասխանատուները, հայաստանյան շուկան վերջին տարիներին ինչ-որ չափով կարգավորվել է:
Հայ սպառողն այսօր ավելի գրագետ է, ու ավելի հետեւողական է իր իրավունքների պաշտպանության հարցում: Սակայն բարձրացված խնդիրները որքանո՞վ են լուծում ստանում. հարցին՝ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը պատասխանում է՝ պետք է հստակ ու անշեղորեն աշխատի սպառող-վերահսկող-արտադրող կապը, այլապես խնդիրների լուծումները տեղականից գործնականի չեն վերածվի:
Այդուամենայնիվ, արդյո՞ք այսօր վստահելի է մեր շուկան, սեփական հարցին Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը սեփական պատասխանն ունի` իհարկե, ոչ: Դիտարկման հիմքում սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության` ամենօրյա ահազանգերն են ու վերջին տարիների մոնիտորինգի արդյունքները: Միությունն օրական ստանում է 6-ից ավելի ահազանգեր՝ սպառման շուկային վերաբերող տարբեր ապրանքների վերաբերյալ:
Վիճակագրության համաձայն՝ խոցելի են կաթնամթերքի եւ մսամթերքի շուկաները, ինչպես նաեւ դեռ խնդիրներ կան ապրանքների վերադարձելիության հարցում: <<Կաթնամթերքի ու մսամթերքի որակի հարցում այսօր արտադրողի ուշադրությունը եւ սպառողի զգոնությունը մեծ է՝ պիտանելիության, ժամկետի, հավելումների, մակնշումների առումով>>,-ասում է Սպառողների միության նախագահն ու ուշադրություն հրավիրում դրանց պահպանության վրա, որն ավելի քան կարեւոր է:
Անդրադառնալով ապրանքների վերադարձին՝ նշում է, որ <<Սպառողների իրավունքների պաշտպանության մասին>> օրենքի համաձայն՝ սպառողներն իրավունք ունեն 14 օրվա ընթացքում խանութ գնալ, փոխանակել պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը նմանօրինակ ապրանքով, իսկ եթե բացակայում է նույնանման ապրանքը, ապա այն ենթակա է վերադարձի: Բայց արդյո՞ք այս օրենքը գործում է և արդյո՞ք պաշտպանվում են սպառողի իրավունքները: <<Այդ հարցում բողոքները շատ են>>,- ցավով տեղեկացրեց Արմեն Պողոսյանը ու հարցն ուղղեց վերահսկող մարմնին. շատ դեպքերում շուկայի վերահսկման պետական տեսչությունը չունի համապատասխան լծակներ, որոնք էլ կստիպեն խանութին կատարել օրենքի պահանջը,
<<Մարդիկ գնել են սառնարան, կոշիկ կամ ինչ- որ իր: Ու պարզ է դարձել, որ այն պիտանի չէ, կամ չի կատարում իր ֆունկցիան: Սկսվում է անվերջ քաշքշոց: Ո՞վ կարող է բոլորին հետեւել ու օգնել: Պետք է տեսչություններն աշխատեն այնպես, որ հասարակական վերահսկողության վրա այն չբարդվի: Մենք չենք տրտնջում, սակայն տեսչություններն իրենց պարտականությունների կատարման հարցում թերանում են, հիմնավորելով՝ թե չունենք լիազորություններ: Այսօր տեսչությունները գտնվում են տրանսֆորմացիայի եւ ռեֆորմացիայի փուլում>>,- ասում է Արմեն Պողոսյանը։
Այս պարագայում գնված ապրանքը փոխանակել կամ վերադարձնել ցանկացող քաղաքացիներին հորդորը մեկն է՝ անհրաժեշտ է պահել գնումը հաստատող կտրոնը և շատ կարևոր է, որ սպառողը լինի տեղեկացված ու պահանջատեր: Ի դեպ` օն-լայն առևտուրը միակ ոլորտն է, որտեղ սպառողների իրավունքները չեն պաշտպանվում՝ զգուշացրեց սպառողների իրավապաշտպանը՝ հավելելով, որ Էլեկտրոնային գնումներ կատարելիս սպառողի միակ պաշտպանը ինքը սպառողն է:
Արմեն Պողոսյանն անդրադարձավ նաեւ զովացուցիչ եւ գազավորված ըմպելիքներին՝ ներկայացնելով ամռանը կատարած իրենց ուսումնասիրությունները, որոնք ներկայացվել են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը: 15 նմուշ զովացուցիչ ըմպելիքներից 11-ը փաստաթղթային արձանագրմամբ անպիտան են եղել: Հարցին ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի անվտանգության եւ որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը պատասխանեց, որ խնդիրն այսօր արդեն վերացված է:
Իհարկե, շատ արտադրողների մոտ եղել են մակնշումների եւ նորմատիվային փաստաթղթերի թերացումներ: <<Արտադրողների հետ իրականացվել են համապատասխան աշխատանքներ եւ առկա բոլոր թերություններն այսօր վերածված են եւ շուկան կարգավորված է>>,- վստահեցրեց Դանիելյանը:




