ԿարևորՏնտեսական

Կառավարությունն ակնկալում է 3,2% տնտեսական աճ, որոշ պատգամավորներ չեն հավատում (լրացված)

տեղադրվել է ժամը 12։45- ին
լրացվել է ժամը 18։16- ին

lenabadeyan

Այսօր ԱԺ-ում բյուջետային նախնական քննարկումների <<մարաթոնը>> հասել է իր վերջնակետին: Մի շարք նախարարությունների եւ հանձնաժողովների ղեկավարներ ներկայացրեցին 2017-ին նախատեսված պետական հատկացումներն ու հաջորդ տարվա համար պատրաստած ծրագրային նորությունները:  Հանրությանը հուզող հայտարարություններից՝ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնի հետ կապված, մինչեւ օտարերկրյա ներդրումների մեջ <<բաժին մտնելու>> ավանդույթի ավարտ։ Խորհրդարանական քննարկումներն այսօր կարելի էր թեժ անվանել:

 

Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագինը միանշանակորեն նվազելու է, այս լուրն այսօր Աժ-ում լրագրողներին փոխանցեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ հստակեցնելով՝ որոշումը կունենանք մինչեւ դեկտեմբերի վերջը, իսկ սակագինը կսկսի գործել փետրվարի 1-ից։

Ռոբերտ Նազարյանն այսօր խորհրդարան էր եկել մշտական հանձնաժողովների նախնական քննարկումներում ներկայացնելու հաջորդ տարվա բյուջեի ֆինանսավորման չափն ու ծախսերի ուղղությունները: Պարզվեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատողների սպասարկման նպատակով, ինչպես Ռոբերտ Նազարյանն արտահայտվեց, <<մանր- մունր բաներ>> գնելու համար նախատեսել են ծախսել 69 միլիոն դրամ, եւս 25 միլիոն էլ հատկացնելու են գործուղումներին:

Հաջորդ տարվա համար լուրջ կրճատումներ են արվել Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տրամադրվելիք գումարում: 13 տոկոսի կրճատումը որոշակի ազդեցություն կունենա նաեւ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման աշխատանքների վրա: Ճանապարհի շինարարությունը կշարունակվի, բայց լուրջ վարկային միջոցներից կփորձեն խուսափել:  <<Պետական պարտք- ՀՆԱ հարաբերակցությունը ենթադրում է, որ կգերազանցի 50 տոկոսը, ինչը թե գործող օրենսդրությամբ, թե ողջամտության տեսակետից անհրաժեշտություն է առաջացնում որոշակի զգուշավոր քաղաքականություն որդեգրել: Հյուսիս-հարավի համար ակնկալվող միջոցների ստացման մասով նույնպես նվազեցումներ են նախատեսված>>,- պատճառներն է ներկայացնում ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր խուսափում էր պատասխանել, թե ով է մեղավոր Հյուսիս-հարավ ավտոճանապարհի հետ կապված թերացումների համար: Փաստերը դեռ ուսումնասիրման եւ գնահատման փուլում են: Հյուսիս-հարավի մասով այժմ քննարկվում է աշխատանքներին մասնավոր ներդրողներին ներգրավելու տարբերակը, բայց այս դեպքում չի բացառվում, որ Հյուսիս-հարավի որոշ ճանապարհահատվածներ վճարովի դառնան: Բայց սա էլ դեռ վերջնական որոշում չէ:

Ի դեպ, նախարարը այս պահի դրությամբ չի կարող հստակորեն պնդել, որ նշված ավտոճանապարհն ամբողջությամբ ավարտին կհասցվի 2020 թվականին:  Հայաստանի ենթակառուցվածքների համար մեկ այլ՝ Իրան-Հայաստան երկաթուղու  դեռեւս չիրականացվող ծրագրի հետ կապված ցավոտ հարցը բարձրացրեց պատգամավոր Միքայել Մելքում յանը: <<Իրան-Ադրբեջան երկաթուղին արդեն կառուցվում է, ավելին՝ Ադրբեջանը սկսել է ֆինանսավորել  Իրանի հատվածում երկաթուղու կառուցումը>>,- ասում է պատգամավորը:

<<Մենք հասկանում ենք, որ մեր պետության բյուջեով կառուցելը ռեալ չէ, դրա համար հանդիպումներ եւ քննարկումներ ունենում ենք մասնավոր հատվածի հետ, փորձում ներկայացնել  գրավչական մասերը՝ Հայաստանով անցնելը դա ավելի կարճ է, տնտեսապես կարող է ավելի շահավետ լինել: Արդյունքներ դեռ չունենք, որ ձեզ ասեմ>>,- նշեց նախարարը։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկված ամենասուր հարցն առնչվում էր տնտեսական զարգացման եւ ներդրումների ոլորտին: Նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց, որ փորձելու են աջակցել գործող եւ սկսնակ ՓՄՁ-ներին, ներդրումների եւ զբոսաշրջության համար գրավիչ դարձնել Հայաստանը, ամբողջ ուժով օգտագործել ԵՏՄ, ԵՄ- ի GSP+ համակարգի բոլոր հնարավորությունները, նախաձեռնել <<Ներդրումների մասին>> նոր օրենքի ընդունում եւ վերացնել վարչարարությունը: Բայց սա բավարար չէր, որ պատգամավորները հավատային եւ վստահեին, թե այս ամենի արդյունքում ունենալու ենք 3.2 տոկոսի կանխատեսված տնտեսական աճը: Պատգամավորները նկատեցին, որ նախարարը խուսափում է գնահատականներից եւ տնտեսությունում առկա վիճակը <<ճգնաժամային>> որակելուց:

Բյուջետային քննարկումների ձեւաչափը չէ, որ կարող է բացահայտել հաջորդ տարվա ծրագրի ողջ իրատեսությունը: Սուրեն Կարայանը պատրաստ է առանձին խորհրդարանական լսումների գալ, մասնակցել եւ կետ առ կետ պատգամավորներին ներկայացնել այն ամենը, ինչը հույս է տալիս ոչ միայն սպասված տնտեսական աճն ապահովել: Պարզվում է՝ 3,2 տոկոս աճը նույնիսկ <<համեստ է>> եւ իրականությունը կարող է լինել բոլորովին այլ՝ ըստ Սուրեն Կարայանի: <<Չեմ բացառում, որ 2017 թվականի տնտեսական աճը մեր բոլոր միջոցառումների իրականացման  արդյունքում ավելի լինի, քան 3.2 տոկոսը>>,- ասաց։

Ի դեպ, նախարար Սուրեն Կարայանը հավելեց՝ այս պահին բանակցություններ են ընթանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ, որպեսզի մենք նաեւ այդ երկրում ունենանք ապրանքների արտահանման համար GSP+ համակարգը՝ միակողմանի արտոնյալ առեւտրային ռեժիմից օգտվելու համար: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա նախարարը բացառեց, որ այսուհետ հայ պաշտոնյաների կաբինետներից մեկում կհնչի <<ես ինչ կունենամ դրանից>> հարցն ուղղված   օտարերկրյա գործարարներին:

Back to top button