Ալթունյանը պատրաստվում է լսել մահացած 3 ծննդկանների հարազատներին
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կընդունի մահացած երեք ծննդկանների հարազատներին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։
«Հաշվի առնելով, որ նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարարի կողմից հնչեցված խոսքը տարընթերցման տեղիք է տվել, Լևոն Ալթունյանը, ով այս պահին բացակայում է երկրից, պատրաստվում է վերադառնալուն պես՝ նոյեմբերի 8-ին, ընդունել վերջին մեկ տարվա ընթացքում մահացած երեք ծննդկանի՝ Մերի Մարգարյանի, Տաթևիկ Գասպարյանի և Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատներին»,– գրել է նա։
Անահիտ Հայթայանը նաև տեղեկացրել է, որ նախարարը մահացած ծննդկանների հարազատներից կլսի նրանց մտահոգող հարցերը՝ հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով։
«Նշեմ, որ Մերի Մարգարյանի հայրը օրերս եղել է ընդունելության ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի մոտ։
Լևոն Ալթունյանի հոկտեմբերի 21-ի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է Վանաձորի ԲԿ–ում արձանագրված մայրական մահացության դեպքը ՝ հիմնական պատճառները վեր հանելու, դրանք վերլուծելու համար։ Այս ուսումնասիրությունների նպատակն է գործող կանոնակարգերում, ուղեցույցներում անհարժեշտության դեպքում փոփոխություններ իրականացնել՝ հետագայում նման ելքերը հնարավորինս բացառելու նպատակով։ Այս գործընթացն իրականացվում է բացառապես առողջապահության նախարարության իրավասությունների ներքո և ունի մասնագիտական նշանակություն։
Նշված բոլոր 3 դեպքի կապակցությամբ իրականացվել է դատաբժշկական փորձաքննություն, այժմ գտնվում են քննչական մարմինների տիրույթում»,– տեղեկացրել է Անահիտ Հայթայանը։