ԿարևորՔաղաքական

Կ. Կարապետյան. Չափազանց կարեւոր է, որ հասարակությունը հավատա մեզ

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ

Աշխատանքային այցով Արցախում գտնվող Կարեն Կարապետյանը նոյեմբերի 5-ին իր արցախցի գործընկերոջ Արայիկ Հարությունյանի հետ Տիգրանակերտի թանգարանում հանդիպել է լրագրողների հետ։  Հանդիպումը բացօթյա էր, անմիջական մթնոլորտում, դրան վարչապետները եկել էին առաջնադիրք այցելությունից հետո, ինչպես  ՀՀ վարչապետը նշեց, զինվորների հետ ոգեւորիչ եւ պարտավորեցնող հանդիպումից հետո:

Առաջին հարցը՝ առաջնադիրքում մեծամասամբ  անապահով ընտանիքների զավակների ծառայելու վերաբերյալ էր։ Կարեն Կարապետյանը նշեց, որ  լսել է նման վիճակագրության մասին, սակայն առաջնադիրքում դա չի զգացել։ << Եթե դա ճիշտ է, պաշտպանության նախարարությունը համապատասխան քայլեր պիտի կատարի>>.- ասաց նա:

Ինչ է փոխվել առաջնադիրքում ապրիլյան իրադարձություններից հետո: Պատասխանողն այս անգամ Արցախի վարչապետն էր։ Արայիկ Հարությունյանը մանրամասներ չնշեց՝լրագրողներին առաջարկելով այցելել, անձամբ գնահատել եւ զինվորների հագեցվածությունը, եւ մարտական դիրքերի ապահովվածությունը:

Երկու հայկական պետությունների կառավարությունների համագործակցության  մասին:  Արցախի վարչապետը չթաքցրեց. ապրիլյան իրադարձություներից հետո այդ կապակցությամբ մտահոգություններ ուներ եւ այն ավելին էր, քան առաջնադիրքում տիրող իրավիճակի վերաբերյալ ունեցած մտահոգությունը։ << Միայն Արցախով հնարվոր չէ լուծել մեր  խնդիրները>>: Հիմա, ըստ Արայիկ Հարությունյանի՝ թունելի վերջում լույս կա:

Զուտ ներհայաստանյան խնդիրների եւ նոր կառավրության գործունեության մասին։ Խնդիրներից շատերը նաեւ վարչապետ Կարեն Կարպետյանն է նշել՝ կոռուպցիա, մենաշնորհներ եւ այն։ <<Ո՞րն է դրանցից ամենառաջնային լուծում պահանջողը>>, հարցին վարչապետը պատասխանեց. <<Որ մեզ հավատան եւ կատարվող քայլերի տակ ենթատեքստ չփնտրեն>>:

Իր կառավարության գործունեությունը Կարեն Կարապետյանը հորդորեց չդիտարկել վեցամսյա ժամկետում:Նրա խոսքով՝ վեց ամիս հետո տեղի ունենալիք ընտրությունները կառավարությանը խիստ խանգարում են: <<Նախընտրական շրջանը պասիվ շրջան է: Տնտեսութայն պասիվության խնդիր կա, պիտի ակտիվացնենք: Չափազանց կարեւոր է, որ հասարակությունը հավատա մեզ>>:

Ապագայում իր՝ ՀՀԿ-ին անդամակցելու մասին հարցին ի պատասխան ՀՀ վարչապետն ասաց. <<Կհայտարարեմ, եթե նման որոշում կայացվի>>:

Back to top button