Հասարակություն

Ինչո՞ւ հոգատար չենք մեր մշակութային ժառանգության նկատմամբ. հնագետի մտորումները

hasmikmartirosyan

Զբոսաշրջային ոլորտի պատասխանատուները չեն սիրում, երբ համեմատություն է արվում մեր եւ Վրաստանի համանուն ծառայությունների, մատուցման ձեւի, գների, պատմամշակութային կոթողների պահպանության միջեւ: Բայց փաստերը ցույց են տալիս, որ հայերը առաջատարն են Վրաստան այցելող զբոսաշրջիկների թվով: Մեկնում են ոչ միայն, որ գինն է մատչելի, այլեւ հարեւան երկրում ազգային արժեքների մասին թմբկահարում են ամենուր, հինավուրց կոթողները պահպանում, ապացուցում տարածաշրջանում իրենց վաղեմությունը, եւ անգամ հայ զբոսաշրջիկների մոտ անգամ ցանկություն է առաջանում մեկ անգամ տեսնելու դրանք: Ինչո՞ւ մեր մշակությային ժառանգությունը չի պահպանվում, որոնք են հիմնական պատճառները՝ հոգատարության բացակայությո՞ւնը, օրենսդրական բացթողումնե՞րը, ֆինանսական սղությո՞ւնը, թե կոռուպցիոն երեւույթները։

 

Վերջին շրջանում հնագետները տարբեր ասուլիսների ընթացքում բարձրաձայնում են նոր հետազոտությունների, ուսումնասիրությունների մասին՝ վերահաստատելով, որ Հայաստանը այն եզակի երկրներից է, որտեղ հնագույն աշխարհի պատմությունը խորը արմատներ ունի, որ աշխարհագրական փոքր չափեր ունեցող այսօրվա Հայաստանը բաց ու ընդարձակ հանրագիտարան է ուսումնասիրողների համար: Սակայն պետական հոգածության բացակայության պատճառով ոչ միայն նոր բացահայտումներն են հողակույտ դառնում, այլ նաեւ դեռ կանգուն մնացած պատմամշակութային արժեքները:

Պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը պատմամշակութային ժառանգության պահպանության թերացումը տեսնում է եւ պետության կողմից, եւ մասնավոր հատվածի: <<Սեփականության նման հոգատարություն չեն ցուցաբերում: ՀՀ միակ տարածքն է, որտեղ հայերը պատմական հնարավորություն ունեն ձեւավորելու քաղաքական եւ քաղաքացիական հանրույթ, սակայն այդ գործընթացը տեղի չի ունենում>>,- ասում է հնագետը եւ օրինակ բերում Իսրայելը։ Պետություն, որը պայքարում է սեփական հողակտորի համար, որպես սրբություն վերաբերվում մշակութային արժեքներին, իսկ մեր պարագայում ոչնչացվում է>>:

Համլետ Պետրոսյանը ցավով է նշում, որ ՀՀ հուշարձանների պահպանությունն այսօր աղետալի վիճակում է, սակայն կան օրինակներ, ի թիվս Գառնիի, որը հատուկ գուրգուրում են, քանի որ շահութաբեր բիզնեսի է վերածվել: <<Բայց ունենք հուշարձաններ, որոնք իրենց արժեքով, էսթետիկայով ամենևին չեն զիջում Գառնիին, բայց համարյա այցելու չունեն, հետևաբար պետական կառույցներն այդքան էլ ուշադիր չեն>>,- նշում է հնագետը։

Հարկավոր է փոխել մարդկանց գիտակցությունն ու օրենսդրական դաշտը բարելավել` ասում է նա ու որպես մոտեցում առաջարկում միջազգային փորձը: <<Ամբողջ աշխարհում գոյություն ունի պատմամշակութային արժեքների համայնքային ղեկավարում, հավատարմագրային ղեկավարում: Մշակութային ժառանգությունը պետք է դառնա հասարակության ունեցվածքը>>:

Համլետ Պետրոսյանը խոսեց նաեւ հուշարձանների անուղղակի մասնավորեցման մասին՝ հարցադրում է անելով՝ ինչո՞ւ պետք է հուշարձանն ինչ-որ մի պաշտոնյայինը լինի. <<Օլիգարխները տիրելով ինչ-որ տարածքների՝ տիրում են նաև հուշարձաններին,- խնդրի մասին բարձրաձայնում է հնագետը եւ ներկայացնում հարեւան Ադրբեջանի մոտեցումը։- Չունեն պատմություն, բայց պատմություն են գրում՝ աղավաղելով փաստերը՝ պետական հոգածության ներքո, իհարկե: Արդյունքում իրական փաստերից շեղում են հեղինակավոր պատմաբաններին, հնագետներին ու ուսումնասիրողներին, ու մեր պատմական ինքնության վրա կառուցում իրենցը>>,- ցավով նշում է  պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսորը:

Կարդացեք նաև

Back to top button