Քաղաքական

Նալբանդյանը՝ Ֆրիդրիխ-Էբերթ հիմնադրամում. Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել պայմանավորվածությունները

Նոյեմբերի 4-ին Բեռլինում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրիդրիխ-Էբերթ հիմնադրամում հանդիպում ունեցավ Գերմանիայի Բունդեսթագի անդամների, առաջատար վերլուծաբանների և քաղաքագետների հետ: Հանդիպմանը ներկա էր Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, արժևորելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը, բարձր գնահատեց Գերմանիայի օրենսդիր մարմնի սկզբունքային դիրքորոշումը։

Հանդիպման ընթացքում քննարկում ծավալվեց հայ-գերմանական փոխգործակցության և դրա հետագա ամրապնդման և խորացման հեռանկարների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Հայաստան — Եվրամիություն հարաբերություններին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակիցներին ներկայացրեց ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների մանրամասները, այդ թվում միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող ոտնահարումները, ադրբեջանական ագրեսիայից հետո Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովների արդյունքները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: Նախարարը նշեց, որ Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել այս կապակցությամբ գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները և, շարունակելով սրել իրավիճակը շփման գծում, լուրջ վնաս է հասցնում խաղաղ հանգուցալուծման այդ ջանքերին:

Նախարար Նալբանդյանը շեշտեց. «Նման հերթական սադրիչ դրսևորումներից է մեկ շաբաթից Ադրբեջանում նախատեսված լայնածավալ զորավարժությունների անցկացումը, որոնցում, ըստ Բաքվի, ներգրավված են լինելու ադրբեջանական գրեթե ողջ զինուժը ու ռազմական տեխնիկան, ինչը սպառազինությունների վերահսկման միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է։ Սա է Ադրբեջանի ղեկավարութան արձագանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն առաջ մղելու կոչերին»։

ՀՀ ԱԳՆ ղեկավարը գերմանացի օրենսդիրներին և փորձագետներին տեղեկացրեց Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին, կարևորելով այդ գործընթացում գործընկեր երկրների և միջազգային կազմակերպությունների օժանդակությունը։

Անդրադարձ եղավ մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրներին և դրանց հանգուցալուծման հնարավորություններին։

Հանդիպմանը ծավալված շահագրգիռ քննարկման ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Կարդացեք նաև

Back to top button