Տխուր է, բայց իրականություն. Հայաստանը գնալով դառնում է ծերացող բնակչություն ունեցող երկիրը: Օրերս ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը լրագրողների համար շրջայց էր կազմակերպել Տավուշի մարզ՝ ժողովրդագրական խնդիրներին ծանոթանալու համար: Պատկերը հուսադրող չէր։ Այստեղ սոցիալական ու տնտեսական խնդիրներին գումարվում է նաև պատերազմի գործոնը։ ԱՎԾ Տավուշի մարզային գործակալության պետ Աիդա Աչինյանն ասում է, որ մահերի թիվը հաճախ գերազանցում է ծնունդների թվին, իսկ կան համայնքներ էլ, որտեղ մի ամբողջ տարի ծնունդ ու ամուսնություն չի գրանցվում: Մարզի բնակիչների 36 տոկոսն էլ 63 եւ ավելի տարեկան են։ Պաշտոնյայի խոսքով՝ եթե այսպես շարունակվի, ապա կանգնելուն ենք լուրջ ժողովրդագրական ձեւախեղման առջև:Աիդա Աչինյանը նշում է, որ կան համայնքներ, որտեղ ժողովրդագրական պատկերը առավել քան վտանգավոր է. Մասնավորապես՝ Բարեկամավան գյուղում 2015 թվականի ընթացքում որեւէ երեխա չի ծնվել ու գրանցվել է 6 մահ, իսկ Աղավնավանքում, որտեղ մշտապես բնակվում է ավելի քան 250 մարդ, 2015 թվականին ամուսնություն չի գրանցվել: Տավուշում կան բոլոր այն խնդիրները, որոնք առկա են հանրապետությունում՝ գումարած Ադրբեջանի հետ սահմանամերձ լինելը՝ ասում Աչինյանը։
Նկատենք, որ եթե ամբողջ հանրապետությունում մահացության առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են, երկրորդում նորագոյացությունները, ապա Տավուշում առաջին տեղում շաքարախտով եւ արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են. Պատճառը թերևս պարզ է: Տավուշի մարզի 47 բնակավայրեր համարվում են սահմանամերձ, 27- ը՝ սահմանապահ, հետևաբար այստեղ պարբերաբար հնչող կրակոցները բնակիչներին պահում են մշտական սթրեսային վիճակում,
Կան համայնքներ էլ, որտեղ վերջին տարիներին հարևան գյուղերից հարս չեն գալիս։ Օրինակ՝ Բերքաբեր գյուղը, որը գտնվում է հենց հայ- ադրբեջանական սահմանին, ջրամբարի մի կողմում, իսկ մյուս կողմում էլ թշնամին է: «Ռադիոլուրի» հետ զրույցում Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանն ասում է, որ մի քանի տարի է արդեն գյուղում տղաների թիվը գերազանցում է աղջիկների թվին, պատճառն էլ շատ հիմնավոր է։ ««Մեր հերոս աղջիկներին տանում են, բայց հերոս տղաներին աղջիկ չեն տալիս։ Պատճառը պարզ է, այստեղ միշտ կրակոցներ կան»,- ասում է գյուղապետը։