ԿարևորՏնտեսական

Խոշոր հողատերերի սպեկուլիացիայի հարցով գյուղնախարարությունը դիմել է դատարան

lenabadeyan

Չարաշահումներ են բացահայտվել եւ որոշ գործերով գյուղատնտեսության նախարարությունն արդեն դատարան է դիմել: Խոսքը 1 միլիարդ դրամի սահմաններում պետական սուբսիդավորմամբ խոշոր հողատերերի կողմից պարարտանյութ եւ դիզվառելիք ստանալու ու այնուհետեւ այն շարքային հողագործներին թանկ գներով վերավաճառելու մասին է: Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը վճռական է տրամադրված: Աժ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց՝ իր մեղմ հայացքին շատերն են խաբվել:

Արդեն բյուջետային քննարկումների ժամանակ Իգնատի Առաքելյանը նշեց, որ <<Պարարտանյութերի գնման մեխանիզմը լավը չէ, պետք է ամբողջովին վերանայել եւ փոփոխել այն>>: Ուստի՝ նախարարությունը պարարտանյութը եւ դիզվառելիքը կրկին կտրամադրի, բայց սուբսիդավորումը, նախարարի կարծիքով, անհրաժեշտ է ուղղել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը:

Քրեական հանցագործության տարրեր պարունակող խնդրի վրա նախարարի ուշադրությունը հրավիրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: <<Լոլիկի էպոպեան: Թուրքական ապրանքը մտնում է Հայաստան, գրվում <<made in Armenia>>, արտահանվում Ռուսաստան: Սա հայկական լոլիկ չէ եւ 42 անգամ մեկ տարվա ընթացքում արտահանումն ավելացել է, ԱՎԾ-ն ֆիքսել է Հայաստանի արտադրած ապրանքի արտահանումը: Դա քրեական հանցագործություն է: Եղեք հետեւողական: Եթե չեք ուզում հինը վերլուծել, կատարված հանցագործությունների դեմն առնել, հայցով դիմել դատախազություն եւ իրավապահ մարմիններին տեղյակ պահել այս ամենի մասին, ապա ինչպե՞ս եք ռեֆորմներ իրականացնելու>>:

Նախարարն այս գործից տեղյակ չէր, խոստացավ ուսումնասիրել եւ արդյունքների մասին պատգամավորներին տեղեկացնել: Իգնատի Առաքելյանը տեղյակ չէր նաեւ Արագածոտնի մարզում ամռանը տեղացած կարկուտից հետո նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոստման իրականացման ընթացքից: Հիշեցնենք՝ կարկուտից տուժած հողագործներին Աբրահամյանը խոստացել էր դիմել ԿԲ, որպեսզի սառեցվեն գյուղացիների վարկերը: Այս հարցով կոնկրետ պատասխան գյուղնախարարն այսօր տալ չկարողացավ: Փոխարենը՝ նախարարը տեղեկացրեց, որ գումարային առումով նախորդ տարվա հատկացված բյուջեի համեմատ 2017-ի համար նախարարությունն առաջարկել է 7 տոկոսի տնտեսում:

Նախարարի խոսքով՝ միջոցները 2017-ին կուղղվեն բարձրորակ սերմերի ապահովմանը, բույսերի պաշտպանությանը, անասնաբուժական հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը, գյուղատնտեսությունում իրականացվող հիմնական ռեսուրսների մատչելիության ապահովմանը:

Կարդացեք նաև

Back to top button