

Օրվա երկրորդ կեսին խորհրդարանում քննարկել են հաջորդ տարվա բյուջեից տարածքային կառավարման մարմիններին, համայնքներին ուղղվելիք հատկացումները: Ընդհանուր առմամբ՝ ոլորտին նախատեսվում է տրամադրել այնքան գումար, որքան նախորդ տարվա ընթացքում: Քննարկմանը մասնակցող մարզպետներին ուղղված լրագրողների հարցերը սակայն հիմնականում վերաբերել են ոչ թե հատկացումներին, այլ՝ հնարավոր կրճատումներին: Օպտիմալացման հանձնարարական ունեն նաև մարզպետարանները, իսկ մի քանի մարզպետների հնարավոր փոփոխությունների մասին տեղեկությունները շրջանառվում են արդեն տնական ժամանակ:
Բյուջե 2017-ի նախագիծն ընդհանուր առմամբ 48 մլրդ դրամ դոտացիան հատկացումներ է նախատեսում համայնքներին: Դրա ավելի քան մեկ քառորդը՝ 13 մլրդ դրամ կուղղվի Երևանին, մնացած մասը՝ 10 մարզերին: Բյուջեից ամենաշատ հատկացումներ կստանա Արարատի մարզը՝ մոտ 4.5 մլրդ, ամենաքիչը Վայոց ձորի մարզը ՝ հազիվ 1 մլրդ՝ 988 մլն: Նկատենք, որ դոտացիաները մարզերին տրվում են ըստ օրենքով նախատեսված սահմանումների ՝ դրանք չեն կարող պակաս լինել մարզի համախառն ներքին արդյունքի 4 տոկոսից:
Մարզերը նաև այլ հատկացումներ են ստանում տարբեր ծրագրեր իրականացնելու համար: 2017 թվականի պետական բյուջեով, օրինակ, Արարատի մարզին նախատեսված է հատկացնել մոտավորապես 7 միլիարդ 659 միլիոն դրամ: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի պարզաբանմամբ՝ նախորդ տարվա համեմատությամբ՝ 2 միլիոն դրամով պակաս:
Բյուջետային քննարկմանը մասնակցող մարզպետերին ուղղված լրագրողների հարցերը սակայն հիմնականում վերաբերում են ոչ թե հատկացումներին, այլ հնարավոր կրճատումներին: Օպտիմալացման հանձնարարական ունեն նաև մարզպետարանները. մի քանի մարզպետերի հնարավոր փոփոխությունների մասին տեղեկություններն արդեն շրջանառվում են տնական ժամանակ:
Անդրադառնալով փոխմարզպետերի հնարավոր կրճատմանը՝ Արարատի մարզպետն ասաց, որ քննարկման արդյունքում կհասկանան յուրաքանչյուրի արդյունավետությունը և որոշում կկայացնեն։ Մինչ այժմ կրճատումներ, ասաց , չեն եղել, իսկ իր պաշտոնանկության մասին հարցին այսպես արձագանքեց. «Դուք ավելի լավ կիմանաք, ես հիմա այդ հարցին ո՞նց պատասխանեմ: Նման բան ես չեմ կարծում»:
Արագածոտնի մարզպետարանում ևս կրճատումների հանձնարարականը քննարկվում է: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը ասում է՝ մինչև նոյեմբերի 20-ը կներկայացնեն իրենց առաջարկները:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կարծում է, որ տրամաբանական է , երբ կառավարման համակարգի օպտիմալացման համատեքստում քննարկում է նաև փոխմարզպետերի օպտիմալացման հարցը: Բայց նաև հիշեցնում է, թե ինչու է առաջնային դարձել այս հարցը։ «Քաղաքական փոփոխությունների արդյունքում ձևավորված կոալիցիաներում տարբեր կուսակցություններից համալրում է եղել մարզպետարաններ՝ փոխմարզպետի պաշտոնով, կոալիցիաներից դուրս գալուց հետո մարդիկ շարունակել են աշխատել, և թիվը մեծացել է: Այս խնդիրը միշտ քննարկվել է»:
Հաջորդ հարցը նախարարին ուղղվեց որպես Դաշնակցության ներկայացուցիչ: Ընտրություններից հետո տեղեկություններ էին շրջանառվում, որ օրակարգում Շիրակի մարզպետի փոփոխության հարցն է: Դրանք պարզապես հայտարարություններ էին ընտրություններից հետո՝ ասում է Դավիթ Լոքյանը: «Ես կարծում եմ, որ մարզպետը պետք է փոխվի մարզում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում: Եթե նա ընտրություններին ակտիվ մասնակցություն չի ունեցել… մենք բոլորս ուզում ենք, որ մարզպետները չմասնակցեն ընտրական գործընթացին։ Շիրակի մարզպետն այդ գործառույթը պահպանել է, Շիրակի մարզպետի փոփոխության խնդիր չկա»:
Մարզպետերից թերևս միակը, որ մտավախություն չունի հնարավոր պաշտոնանկության մասին, քանի որ հազիվ մեկ ամիս առաջ է նշանակվել այս պաշտոնում, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն է: Նա այսօր ԱԺ-ում լրագրողների փոխանցեց, որ մարզում բարոյահոգեբանական մթնոլորտը գերազանց է, իսկ կադրային փոփոխություն գրեթե չեն եղել:




