

Բուսակերությունն աշխարհում մեծ տարածում ունի։ Պատահական չէ, որ գոյություն ունի բուսակերների համաշխարհային օր։ Այսօր այդ օրն է: Բուսակերներն իրենց սննդակարգում բացառում են կենդանական ծագման սննդամթերքը։ Բուսակերությունը լայն տարածում է ստացել 19-րդ դարի 2-րդ կեսերին, երբ շատ երկրներում ի հայտ եկան ընկերություններ, որոնք քարոզում էին, որ մարդու համար բնական սնունդ է միայն բուսական սննդամթերքը։ Ի՞նչ խնդիրներ կարող է առաջանալ միայն բուսակերության արդյունքում, որքնո՞վ է առողջարար բազմակերությունը: Բժիշկ-դիետոլոգ Հասմիկ Աբովյանը նշել է, որ միայն բուսական ծագման սննդամթերք օգտագործելը կարող է լուրջ հետևանքներ թողնել մարդու առողջության վրա: Հետևաբար՝ մասնագետը խորհուրդ է տվել բուսական ծագման սննդամթերքից բացի օգտագործել նաև կենդանական ծագման սննդամթերք:
Բուսակերությունն առավել վտանգավոր է երեխաների առողջության համար: Մասնագետը լրջագույն սխալ է համարում ծնողների բուսակերությունը երեխաների վրա տարածելը: Մսից հրաժարվելը վտանգավոր է ինչպես հղի կանանց, այնպես էլ մանկահասակ երեխաների համար:
Արդյո՞ք բոլոր այն բուսակերները, ովքեր գիտակցաբար են ընտրել նման սննդակարգը, գիտակցում են նաև հետևանքները: Արդյո՞ք Պահքի շրջանում բուսական ծագման սնունդ օգտագործելը նույն վտանգը չի պարունակում և արդյո՞ք պասային սննդակարգը սթրես չէ այն մարդու օրգանիզմի համար, ով ամեն օր մսամթերք կամ կաթնամթերք է օգտագործում: Այստեղ մեծ դեր ունի մարդկային հոգեբանությունն ու տրամադրվածությունը՝ պատասխանելով «Ռադիոլուրի» հարցին՝ նշեց մասնագետը:
Բուսակերների մի խումբ էլ կա, որ բացի սննդամթերքից՝ հրաժարվում է նաեւ կենդանական ծագման հագուստներից: Նրանք չեն հագնում կենդանիների բրդից, կաշվից կարված շորեր, մուշտակներ և այլն, իրենց նախասիրություններից բացակայում է որսորդությունը և կենդանիների մարմիններից խրտվիլակների հավաքածուներ ստեղծելը։




