

Ուժային կառույցներից այս տարի նաեւ ոստիկանությունը հայտնվեց խիստ ուշադրության կենտրոնում՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ: Այդ գործողությունների արդյունքում կառույցը 300 միլիոն դրամից ավելի վնաս է կրել, որից միայն 100 միլիոնն է կառավարությունը փոխհատուցել, այսօր Աժ-ում հայտարարեց ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը՝ նաեւ այս օրինակով բացատրելով, թե ինչու իրենք չեն կարող հրաժարվել արտաբյուջետային ֆոնդից:
Ի դեպ, արտաբյուջետային ֆոնդի խնդիրը միշտ գտնվում է պատգամավորների ուշադրության կենտրոնում, ասում են՝ նաեւ այս մեխանիզմի պատճառով մեծ են կոռուպցիոն ռիսկերը: Ոստիկանության հիմնական ծախսերը հենց արտաբյուջետային ֆոնդից են կատարվում: Այսինքն՝ համակարգը առանձին ստանում է այսպես ասենք <<եկամուտներ>> եւ տնօրինում՝ ըստ ցանկության: Օրինակ՝ արտաբյուջեի ձեւավորման աղբյուրներից մեկը՝ փողոցային երթեւեկության տեսանկարահանող սարքերի աշխատանքի եւ դրանց հիման վրա իրականացվող տուգանքների հաշվին է: Օրինակ՝ 2015-ին այդ տուգանքների ընդհանուր չափը կազմել է 8 միլիարդ 758 միլիոն դրամ, որը բաշխվում է 50/50 սկզբունքով: Կեսը՝ ոստիկանությանը, կեսը՝ այդ աշխատանքում ներդրումներ անող ընկերությանը: Նաեւ դրանից են ձեւավորում աշխատավարձերը:
Այսօրվա քննարկմանը փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը փորձեց բացահայտել եւս մեկ <<միֆ>>: Ասում է իրականությանը չի համապատասխանում տեսակետը, թե Հայաստանը գերոստիկանացված պետություն է: Թե քանի ոստիկան կա Հայաստանում, թվերը գաղտնի են: Բայց Հայաստանը ոստիկանների թվով համադրելի է Էստոնիայի, Հունգարիայի, Ավստրիայի, Սլովենիայի եւ այլ երկրների հետ, Մի շարք երկրներ էլ կան եվրոպական եւ նախկին ԽՍՀՄ, որ ոստիկանների թվով գերազանցում են Հայաստանին` ասաց փոխոստիկանապետը:
Հաջորդ տարվա բյուջետային հատկացումների առումով տեղաշարժ չկա արտակարգ իրավիճակների նախարարության համար՝ արձանագրեցին պատգամավորները: Այդ կառույցին տրամադրվող գումարի <<89,2 տոկոսը գնում է աշխատավարձերին, որից 1 միլիարդ 212 միլիոն դրամ է մնում, որն էլ ծախսվում է էներգետիկ, կապի, վառելիքի, համազգեստի եւ այլնի համար>>,- տեղեկացրեց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը՝ հավելելով, որ առանցքային մասը՝ 7 միլիարդը, տրամադրվում է փրկարար ծառայությանը:
Նախարարը նշեց, որ միացվում են Հիդրոմետ եւ հակակարտային ծառայության ՊՈԱԿ-ները: Անելիքները շատ են, բայց հակակարկտային կայանների տեղադրումը հատկապես մեծ գումարների հետ է կապված: Ի դեպ՝ գոյություն ունի մի հաշվարկ: Մեկ հակակարկտային կայանն արժե միջինը՝ 4 միլիոն, իսկ յուրաքանչյուր մարզ՝ գյուղատնտեսության բնագավառում, մեկ տարվա ընթացքում 2-3 միլիարդ դրամի կորուստ է ունենում՝ եղանակային վատ պայմանների պատճառով: Պատգամավորներն այսօր փորձում էին գտնել այս խնդրի լուծման տարբերակները, ասենք՝ հակակարկտային կայանքների աշխատանքը մասնավորին փոխանցելու միջոցով: Արմեն Երիցյանի պատասխանն առաջարկին հետեւյալն էր՝ այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են։
Ի դեպ՝ 2017-ի նորություններից նախարարն ընդգծեց համագործակցությունը հատկապես Ճապոնիայի հետ: 41 հրշեջ-փրկարարական մեքենա է տրամադրելու այդ պետությունը Հայաստանին: ԱԻՆ-ը ստացված տեխնիկան որոշել է ուղարկել Շիրակի, Լոռիի եւ Սյունիքի մարզեր:




