

Քառօրյա պատերազմը վերահաստատեց, որ Արցախյան գոյամարտը հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամության վկան է: Ապրիլյան դժվար օրերին բոլորի շուրթերին էր Քյարամ Սլոյանի անունը, ու դժվար թե որեւիցե մեկը գտնվեր, որ անձնապես չտխրեր ու վրեժխնդրության զգացում չունենար նրա նկատմամբ ադրբեջանցիների ցուցաբերած վայրագությունների համար: Քյարամի հետ զոհվեցին նաեւ Համլետ Հաջոյանը, Բորիս Օզմանյանը: ՀՀ նախագահի դրամաշնորհի շրջանակներում <<Սինջար եզդիների ազգային միավորում>> հասարակական կազմակերպությունը գրքույկ է հրատարակել եզդի հերոսների մասին, որոնք իրենց կյանքը զոհեցին հանուն հայոց հողի պաշտպանության: Գրքույկում, որը կոչվում է <<Սահմանին կանգնած եզդի հերոսը>>, անդրադարձ կա նաեւ ադրբեջանական դիվերսիոն հարձակումից զոհված Սիդար Ալոյանին:
2015 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:30- ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը հարձակում է գործել N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետի ուղղությամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, մարտական գործողությունների արդյունքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից զոհվել էր ժամկետային զինծառայող 1996թ. ծնված շարքային Սիդար Իգորի Ալոյանը:
Ո՞վ էր Սիդար Ալոյանը: Նա ծնվել է 1996 թվականի օգոստոսի 23-ին Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում: 2014 թվականին ավարտել է Ալագյազի միջնակարգ դպրոցը և ընդունվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետը: Սիդար Ալոյանը դեռ մանուկ հասակից զբաղվել է սպորտով, հաճախել դաշնամուրի դասարան: <<Դաշնամուրի մոտ նստելիս մոռանում էր ամեն բան, իրեն նվիրում էր նոտաներին>>,- արցունքոտ աչքերով թոռան մասին է պատմում Սիդարի տատիկը` Զինա Մհոյանը:
Մարզադպրոցի մարզիչները և ֆեդերացիայի ղեկավարությունը մեծ հույսեր էին կապում Սիդար Ալոյանի հետ՝ վերջինիս մեջ տեսնելով կարատեի ապագա աստղի: Սիդարը բարի էր, ընկերասեր ու նվիրված, մշտապես փորձում էր հնարավորության սահմաններում օգնել մարդկանց: Երևի հենց այս հատկանիշն էլ նրան դարձնում էր բոլորի սիրելին, ընտանիքի պարծանքն ու հավատարիմ ընկեր:
Սիդարի հերոսական ոգին ու արիությունը դեռ վաղ տարիքից էին տեսանելի: Հայաստանն իր հայրենիքն էր համարում, սիրում էր երկիրն ու հողը հարազատի պես: Հայաստանի թշնամին իր թշնամին էր: Հերոսը դեռ մանուկ հասակում էր ծածանել հայոց եռագույն դրոշը, դեռ մանուկ հասակում ցույց տվել թշնամուն, որ հայոց հողից սնված և ուժ ստացած մարդը չի կարող պարտվել անօրեն թուրքին: Նա գիտեր, որ իր կյանքում ապացուցելու բան ունի: Եզդի հերոսին մարտական ընկեր Գեւորգ Բարսեղյանը այսպես է բնորոշում. <<Շատ ընկերասեր էր, ամեն ինչ անում էր, որ ընկերները միասին հաշտ լինեն: Պատրաստակամ էր օգնություն ցուցաբերելու հարցում>>:
Սիդարն ուներ երազանքներ. պետք է վերադառնար զինվորական ծառայությունից, շարունակեր քայլերը սպորտում՝ կարատեի դասընթացներ կազմակերպեր, օգներ ընտանիքին ոտքի կանգնել: Հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձի օրը Սիդարն իր մարտական ընկերների հետ 2 ժամից ավելի պայքարել է ադրբեջանցիների դեմ: Նրանք համառ պայքարով կարողացել էին հետ մղել թշնամուն։
Հրաշքով փրկված Սիդարը հորը պատմել էր, որ թշնամու գնդակը դիպել է գլխարկին, գլխարկն ընկել է գլխից, ու ինքը հրաշքով է փրկվել: Սակայն նույն օրը՝ կեսգիշերին ադրբեջանական կողմը կրկին հարձակվում է: Սիդարն այս անգամ էլ իր ընկերների ու հրամանատարների հետ հերոսաբար կռվում է: Դժբախտաբար, մարտի ժամանակ առաջինն ընկնում են հերոսները: Սիդարը և իր ընկերները զոհվում են: Ինչպես Սիդարի մտերիմ ընկերներն են ասում, Սիդարը գնաց գիտակցված մահվան և անմահացավ:




