

2017 թվականի համար կառավարությունը նպատակադրել է ՀՆԱ-ի շուրջ 3.2 տոկոս աճի մակարդակ` այսօր խորհրդարանում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով հաջորդ տարվ գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծը: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները սկսել են Բյուջե 2017-ի քննարկումները: Ըստ գործադիրի ղեկավարի ՝ նշված ցուցանիշին հասնելը կառավարությունից ջանքեր կպահանջ՝ հաշվի առնելով ստեղծված տնտեսական միջավայրը, ինչպես նաև ընտրական տարում սպասվող տնտեսական պասիվությունը:
Կարեն Կարապետյանն ասել է, որ բյուջեն կազմելու հիմքում դրվել են տնտեսությունը չխեղդող, միևնույն ժամանակ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը մեծացնող կանխատեսումներ:
Նրա խոսքով՝ հարկաբյուջետային քաղաքականությունը լիենլու է թափանցիկ ու հասկանալի հանրության համար: Իսկ կառավարությունն, ըստ Կարապետյանի, առաջնորդվելու է հարկատուների կողմից վճարված բյուջետային եկամուտները հնարավորինս խնայողաբար օգտագործելու մոտեցմամբ:
«2017 թ. պետական բյուջեի հիմքում դրվել են 2016 թ. բազիսային տվյալները՝ դեֆիցիտի առկա մակարդակը, հաջորդ տարվա համար օրենքով դեֆիցիտի սահմանափակման ցուցանիշը, հաշվարկվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության և եկամուտների հնարավոր աճը: Հաշվի առնելով դրանք՝ 2017 թ. ծախսերի առումով մաքսիմալ կոշտ քաղաքականություն է որդեգրվել, որպեսզի չլինի դեֆիցիտի ավելի աճ, քան սահմանափակումներն են թելադրում: Հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ բիզնեսը, գործարար աշխարհը մաքսիմալ չճնշվի ու կարողանա վերարտադրվել: Նպատակը 2017 թ. ավելի աշխույժ տնտեսական իրավիճակ ստեղծելու համար նորմալ պլատֆորմ ձևավորելն է»:




