Հասարակություն

Հեռարձակման թվայնացումը եւ դրանից հետ ի հայտ եկած խնդիրները

hasmikmartirosyan

Նոր որակ, նոր պատկեր և նոր ձայն. սրանք այն առաջին դրական փոփոխություններն են, որոնք ընկած են թվային հեռուստահեռարձակման հիմքում: Գործընթացը ՀՀ-ում սկսվել է 2009 թվականին՝ Հեռարձակողների միջազգային միության հորդորով ու պահանջով, ու ավարտվել այս տարվա հոկտեմբերի 26-ին՝ մայրաքաղաքային հեռուստահեռարձակման համակարգն ամբողջությամբ թվայնացնելով: Մարզերում թվայնացումն ավարտվել էր ավելի վաղ: Անալոգայինից թվայնացում հեռարձակումը խնդիրներ է ստեղծել սոցիալապես անապահով բնակչության համար՝ կցորդ սարք ձեռք բերելու հարցում, ինչպես նաեւ անկառավարելի են դարձել շուկայում վաճառվող կցորդ սարքերի գնային տատանումները։

 

Ձայնային եւ գունային բյուրեղյա պատկեր, նորագույն տեխնոլոգիաների օգտագործում՝ հեռուստատեսային վահանակի օգնությամբ, ալիքների քմահաճ կարգավորում։ Մեկ խոսքով՝ նոր որակ: Որակի ներդրումն ավարտվեց թվային հեռուստահեռարձակման ապահովմամբ, սակայն բյուրեղյա կապույտ էկրանը հաղորդումներ հեռարձակելու փոխարեն դարձավ իսկապես կապույտ, քանի որ բնակչության մեծ մասը թվային համակարգի անցնելուց հետո զրկվեց հաղորդումներ դիտելու հնարավորությունից:

Ըստ պաշտոնական նախնական հաղորդագրությունների, թվայնացման պարագայում հաշվի պետք է առնվեր սոցիալապես անապահով մարդկանց վիճակը՝ անվճար տրամադրելով կցորդ սարքեր: «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանն այսօր տեղեկացրեց, որ 108 հազար անապահով ընտանիք, որոնք ներառված են եղել սոցիալական տարբեր ծրագրային փաթեթներում, ստացել եմ համապատասխան կցորդ սարքեր, 2 հազար սարք էլ ուղարկվել է Արցախ։

Պետությունը կցորդ սարքերի ձեռքբերման համար 350 մլն դրամ է ծախսել: Իսկ ի՞նչ լուծում կստանա խնդիրը  թոշակառուների, կամ էլ այն մարդկանց պարագայում, ովքեր ընդգրկված չեն սոցիալական աջակցության որևէ ծրագրեր, սակայն անապահով են՝ Ամալյանը հարցի պատասխանատու կողմ նշեց լիազոր մարմնին՝ աշխատանքային  եւ սոցիալական ապահովության նախարարությանը, ինչ վերաբերում է գնային տատանումներին՝ շեշտեց՝ պետությունը չի կարող վերահսկել գները։

Թվային ընդունիչների գների վերաբերյալ Գրիգոր Ամալայնի հետ բանավիճեց քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը։ «Անալոգային հեռարձակման անջատումը պետք է լիներ 2015 թվականի հուլիսին, ու այսօր գնային տատանումները պայմանավորված են վաճառողների կողմից արհեստական դեֆիցիտի ապահովմամբ»:

Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը կողմ է, որ ՀՀ պետք է ծայրագավառ չլինի եւ համընթաց քայլի տեխնոլոգիական նոր մարտահրավերներին, սակայն պետությունը պետք է հաշվի առներ այն թիրախային հարցերը, որոնց բախվելու էր թվայնացման համակարգի անցնելուց, մասնավորապես՝ սոցիալապես անապահով քաղաքացիների իրավունքը:

Գրիգոր Ամալյանը նաեւ խոսեց հայկական արդեն թվայնացված հեռուստատեսությամբ մեր հարեւան երկրների հաղորդումները դիտելու մասին՝ նշելով, որ բոլոր պետությունների ռադիոալիքները ներթափանցում են հարեւան պետությունների հեռահաղորդակցության ցանց: <<Սրա դեմ բան չես կարող անել, սա բնագիտություն է: Նույն կերպ ներթափանցում են նաեւ պարսկական, վրացական ալիքները, ինչպես նաեւ՝ մեր ալիքները հարեւան պետություններ>>,- տեղի ունեցածը հիմնավորեց Գրիգոր Ամալյանը: Տեղեկացնենք նաև, որ անալոգային ազատված հաճախականությունները թափուր չեն մնալու, կօգտագործեն այլ հեռահաղորդակցության նպատակներով կամ կտրվեն մասնավոր մուլտիպլեքսներին:

Back to top button