Քաղաքական

ԱԺ ճեպազրույցները՝ Ծառուկյանի վերադարձի մասին

lusinevasilyan

Ազգային ժողովի հերթական քառօրյան առանձնապես բուռն ու հագեցած չէր , դրան ճեպազրույցների ժամանակ  խորհրդարանական ուժերը  այսօր չեն էլ անդրադարձել: Փոխարենը խոսել են քաղաքական հարցերի ու դրանցից վերջին օրերին ամենաշատ քննարկվող հարցի մասին:  Կվերադառնա՞ արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ակտիվ քաղաքականություն, թե՞ ոչ, սպասո՞ւմ են արդյոք այդ վերադարձին մյուս ուժերը կամ տեսնո՞ւմ են արդյոք դրա անհրաժեշտությունը,  թե՞ ոչ:

 

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս ասել էր,  թե չի բացառում, որ բացի փակված գրքի «ծալված էջն » ու ակտիվ քաղաքականություն վերադառնա: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ոչ թե  չի բացառում այդ հնարավորությունը, այլ՝ շատ հավանական է համարում և համարյա ողջունում է: «Հայաստանում այնքան ծալված էջեր են բացվել, ծալվել, որ զարմանալու բան չկա, եթե Ծառուկյանը նորից իր քաղաքական էջը բացի: Հարվարդ պետք չէ ավարտել՝ հասկանալու համար, որ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզնով»:

Ռուստամյանը համոզված է, որ առաջիկայում քաղաքական դաշտն աննախադեպ ակտիվանալու է ու մի կողմ քաշվելը սխալ մոտեցում է լինելու:  Այս ֆոնին Ծառուկյանի վերադառնալու մտադրությունը ՀՅԴ-ն  առավել քան հասկանալի է համարում: Բացի այդ ՝ Դաշնակցությունը ԲՀԿ-ի հետ քառյակի շրջանակներում  համագործակցել է ու դա համագործակցության  վատ փորձ չի համարում: «Գագիկ Ծառուկյանի հետ աշխատել ենք, որևէ խնդիր չենք տեսնում, դրական ենք համարում մոտեցումը, որ նա այն ժամանակ չգնաց արյունահեղության»:

Համագործակցության նույն փորձին նույն գնահատականը չի տալիս Հայ ազգային կոնգրեսը:   Լևոն Զուրաբյանը հիշեցնում  է, որ թեև հայտարարություն են տարածել, որ  բաց են համագործակցության համար,   բայց միևնույնն է՝ քառյակի շրջանակներում  ԲՀԿ-ի հետ համագործակցության փորձը, թերևս դրա ավարտը   վատ նախադեպ են համարում: Թե հնարավո՞ր է արդյոք ԲՀԿ-ի հետ նոր համագործակցություն առաջիկայում, Զուրաբյանը դեռ չգիտի: «Չեմ ցանկանում շահարկումներով զբաղվել չկայացած փաստերի վրա: Կհասկանանք՝ ինչ քաղաքական ուժեր են մտել պայքարի մեջ, կձևավորվեն դաշինքներ, այդ ժամանակ դիմեք, կվերլուծեմ»:

Գագիկ Ծառուկյանը նաև ասել էր՝  կվերադառնա, երբ տեսնի, որ կարկառուն գործիչները չեն կարողանում արդյունքի հասնել : Զուրաբյանն այս մասով  փորձում է փարատել Ծառուկյանի մտահոգությունը: «Եթե մտահոգությունը դա է, մենք այդ գործով կզբաղվենք:  Մեր ուժերի վրա վստահ ենք»:

Մհեր Շահգելդյանն էլ ասում է ՝ զբաղվում  ենք այնքան, որքան մեր ու քաղաքական հնարավորություններն են թույլ տալիս: ՕԵԿ-ը մտավախություն չունի, թե Ծառուկյանի վերադարձով  ձայներ ու ընտրազանգված կկորցնի: «Մեր ձայները դա մեր ձայներն են, պայմանավորված են մեր աշխատանքով: Այդպիսի մտավախություն մենք չունենք: Ընտրական գործընթացը մրցակցություն է, բնականաբար, կուսակցությունները մրցակցելու են: Բայց մտավախություն, որ որեւիցե մեկը կգա ու կխլի մեր ձայները, մենք չունենք»:

Որ Ծառուկյանի վերադարձն անուղղակիորեն հարվածելու է ընդդիմադիր դաշտին, համոզված է «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը: Նա այսօր հայտարարեց, որ ընտրություններից առաջ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը, ընդդիմադիր ընտրազանգվածին  վերահսկելու կարիք կա ու հենց դրանով պայմանավորված էլ Ծառուկյանի վերադարձի կարիքը իշխանություններն ունեն: Իսկ կա՞ արդյոք դրա կարիքը քաղաքական դաշտում: «Միգուցե իր համակիրների համար կա, բայց ես իր համակիրը չեմ ու չեմ կարծում, որ դաշտում այդ անհրաժեշտությունը կա»:

Կա այդ կարիքը, թե՝ ոչ, Հանրապետական խմբակցության ղեկավարի կարծիքով, պետք է որոշի ժողովուրդը: Վահրամ Բաղդարսյանը  համաձայն չէ Ծառուկյանի այն նկատառմանը, թե քաղաքական գործիչները լավ չեն աշխատում ու գուցե հենց այդ պատճառով ստիպված լինի վերադառնալ ակտիվ  քաղաքականություն:

Իսկ պնդումները, թե  մեծ քաղաքականություն վերադառնալու Ծառուկյանի հայտարարությունը համաձայնեցվել է իշխանությունների հետ՝ Վահրամ Բաղդասարյանը հերքում է: «Որեւէ հանդիպում, քննարկում ոչ միայն ՀՀԿ-ականների հետ, առավել եւս՝ ՀՀ նախագահի հետ, չի եղել: Դա զուտ լրատվական հետաքրքրություն է»: Իսկ ընդհանրապես Բաղդասարյանը կարծում է, որ «եթե քաղաքականություն պետք է գան թույլտվությամբ՝ ավելի լավ է չգան»:

Լրագրողները Վահրամ Բաղդասարյանին հիշեցրին, որ ժամանակին հանրապետական գործիչները Ծառուկյանին նկատի ունենալով ասում էին, որ

քաղաքականությունը բազկամարտ չէ և որ  Ծառուկյանը պետք է հեռանա դաշտից:

Ի պատասխան հիշեցմանը՝  Բաղդասարյանը նկատեց՝ մեր մոտեցումներում ոչինչ չի փոխվել:

Կարդացեք նաև

Back to top button