Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված՝ Ստամբուլում կայանալիք համերգի չեղարկումը Գերմանիայում բուռն դժգոհությունների ու քննադատությունների առիթ է տվել: «Ձախերի» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սառա Վագենքնեխթը հայտարարել է, որ այդ որոշմամբ դաշնային կառավարությունը ևս մեկ անգամ ծնկի իջավ Թուրքիայի նախագահ Էրդողանի առաջ: Սաքսոնիա նահանգի մշակույթի նախարար Էվա-Մարիա Շտանգեն նշել է, որ «Աղետի» չեղարկումը շատ ցավալի է, քանի որ այդ համերգը կարող էր նպաստել թուրք և հայ ազգերի միջև հաշտության գործընթացին:
Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Մարկուս Ռինդտը հայտարարել է, որ ստամբուլյան համերգի չեղարկումն իրենց համար շատ անսպասելի և ցավալի էր: Ռինդտը հաստատել է լուրը, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներին համերգի հրավիրատոմսեր ուղարկելը համաձայնեցված չի եղել ԱԳՆ-ի հետ: Նա ասել է, որ իրենց համար շատ կարևոր է եղել «Աղետին» թուրք քաղաքական գործիչների ներկայությունը: Այդ պատճառով էլ նրանց հրավիրատոմսեր են ուղարկվել:
Համերգի չեղարկումից հետո Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները նամակ են գրել ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին, քննադատել համերգ հետաձգելու ԱԳՆ որոշումը: Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը նոյեմբերի 13-ին համերգով պետք է հանդես գար Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին նվագախումբը հրավիրել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին և ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին: Գերմանիայի ԱԳՆ նախօրեին հայտարարել էր, թե նշյալ պաշտոնատար անձանց հրավիրատոմս ուղարկելու հանգամանքը համաձայնեցված չի եղել իրենց հետ, ինչի պատճառով նոյեմբերի 13-ի համերգը չեղարկվեց: