ԿարևորՏնտեսական

Արցախի կառավարությունը կաջակցի առաջնադիրքին մոտ հողատարածքները մշակողներին

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

Արցախում այս օրերին քննարկվում է գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգը: Առաջին հայացքից տնտեսական հարցեր արծարծող փաստաթուղթը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, այդ թվում նաեւ քաղաքական՝ խոսակցություններ են շրջանառվում, թե  հայեցակարգում շեշտը դնելով գյուղամերձ տարածքների մշակման վրա՝ Արցախի կառավարությունը հրաժարվում  է  շփման գծին մոտ վարուցանք կատարելուց:   

 

Արցախի գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանն ասում է, որ գյուղամերձերի մշակության հարցը պետք է վաղուց դրվեր, քանի որ դրանք գյուղաբնակի հանապազօրյա հացի հիմնական աղբյուրն են, իսկ խոսակցությունները, թե նոր մոտեցումը շփման գծին մոտ տարածքներից հրաժարվել է նշանակում, նախարարը անհեթեթ է համարում:

Շփման գծին ամենամոտ հողամասը, որտեղ արդեն աշնանային գյուղատնտեսական աշխատանքներն ավարտված են,  գտնվում է Ակնայի ուղղությամբ, առաջնադիրքից ընդամենը 500 մետր հեռավորության վրա՝ ասում է Արցախի գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը՝  հերքելով ասեկոսեները, թե  հրահանգ կա շփման գծի երկայնքով վարուցանք չկատարել:

Ըստ նախարարի՝ ընդհակառակը՝ նոր հայեցակարգով պետությունն աջակցություն է խոստանում նրանց, ովքեր նաեւ առաջնադիրքին մոտ տարածքները կմշակեն: Զինվորի անմիջական թիկունքում գտնվող տարածքների հարցում Արցախի կառավարության դիրքորոշումը մեկն է՝ խրախուսվել եւ խրախուսվում է դրանց մշակումը, տարածքների խնդիր ոչ մեկը չի քննարկում:

Քաղաքական հարցերի պատասխանը տրվում է գյուղատնտեսական աշխատանքների աշխարհագրությամբ՝ 2016թ. հոկտեմբերի 24-ի դրությամբ կատարված 29 հազար 946 հեկտար հերկի մեծ մասը հենց պահուստային հողերում է՝   Քաշաթաղի շրջանում նախորդ տարվա համեմատ հերկված տարածքը համարյա կրկնապատկվել է՝ կազմելով 9600 հեկտար: Նախորդ տարվա ցուցանիշները պահպանել կամ գերազանցել են նաեւ մյուս շրջաններում:

 

Back to top button